Արարատ Միրզոյանն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով՝ Անթալիայում սպասվելիք ֆորումին ասել է, որ արտաքին գործերի նախարարությունը դեռևս որոշում չունի Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ:
Նա նշել է, որ նթալիայի ֆորումը երկկողմ ձևաչափի միջոցառում չէ և պետք չէ այն դիտարկել հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների համատեքստում:
«Այո՛, ես և Ռուբեն Ռուբինյանը հրավեր ենք ստացել` մասնակցելու Անթալիայի միջոցառմանը: Ի դեպ, միջոցառումը քիչ առաջ քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է: Բայց կարևոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ և պետք չէ դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում: Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել: Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ՝ դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի այդ միջոցառումը», – մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանը հրավիրված է 2022 թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
«Մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատած ԱԳ նախարարների թիվը 39 է: Մենք բոլորին հրավիրում ենք աշխարհի տարբեր ծայրերից, հյուրեր ենք հրավիրել նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանից, Հունաստանից և նույնիսկ Կիպրոսի հունական կողմից, Եգիպտոսից և Իսրայելից: Այստեղ բոլորի ձայնը լսելի կլինի, այն դարձել է ազատ հարթակ», – ասել է Չավուշօղլուն