Որո՞նք են մեղրատու մեղուները պաշտպանության հիմնական պահանջները Հայաստանում

Մեղրատու մեղուների պաշտպանությունը, ինչպես նաև մեղվաբուծության ոլորտում մեղուների խնամքի անասնաբուժասանիտարական կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Մեղրատու մեղուների պաշտպանության, ինչպես նաև մեղվաբուծության բնագավառում անասնաբուժասանիտարական կանոնների պահպանման միջոցառումներն իրականացվում են` ապահովելով մեղվաբուծության ոլորտի հասարակական միավորումների անմիջական մասնակցությունը:

Մեղվաբուծության ոլորտում անասնաբուժասանիտարական հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Մեղրատու մեղուների պաշտպանության հիմնական պահանջներն են`

1) մեղրատու մեղուների օգտագործման և վերարտադրության գիտականորեն հիմնավորված անասնաբուժական սպասարկումը.

2) մեղրատու մեղուների կենսամիջավայրի պահպանությունը.

3) մեղրատու մեղուների անասնաբուժասանիտարական սպասարկման ապահովումը:

Մեղրատու մեղուների պաշտպանությունն ապահովվում է լիազոր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Մեղրատու մեղուների պաշտպանության իրականացման հիմնական ձևերն են`

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից մեղրատու մեղուների խնամքի անասնաբուժական և սանիտարական կանոնների և կարգերի պաշտպանությունը.

2) բույսերի պաշտպանության զանգվածային միջոցառումների իրականացման ժամանակ մեղրատու մեղուների թունավորման կանխարգելումը.

3) մեղվաընտանիքների անխափան տեղափոխումը.

4) մեղրատու մեղուների պաշտպանության նպատակով գիտահետազոտական ուսումնասիրությունների կազմակերպումը.

5) մեղվաբուծության պետական աջակցության և միջազգային համագործակցության զարգացման ապահովումը:

Դաշտերի, մարգագետինների, անտառների պաշտպանիչ անտառաշերտերի և տնկիների մշակման նպատակով նեկտարատու բույսերի ծաղկման շրջանում թունաքիմիկատների օգտագործումն իրականացվում է լիազոր մարմնի գիտությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել