Ի՞նչ առանձնահատկություն է գործում զինծառայողների, ոստիկանության շարքային կազմին և պետկազմին պատկանող անձանց վարչական պատասխանատվության հարցում

Զինծառայողները և զորահավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև ոստիկանության շարքային կազմին և պետկազմին պատկանող անձինք վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն են կրում ըստ կարգապահական կանոնագրքերի:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության, որսի, ձկնորսության և ձկանպաշարների պահպանության կանոնների, մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության համար այդ անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Որսի, ձկնորսության և ձկանպաշարների պահպանության կանոնների, մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել, իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտման համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել, եթե իրավախախտումը կատարվել է զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոցներով:

Վերը նշված անձանցից բացի մյուս անձինք, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի կամ կարգապահության վերաբերյալ հատուկ կանոնադրությունների գործողությունը, դրանցով ուղղակիորեն նախատեսված դեպքերում վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական, իսկ մնացած դեպքերում վարչական պատասխանատվություն` ընդհանուր հիմունքներով:

Վերը նշված անձանց կողմից վարչական իրավախախտում կատարելու դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին` մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել