Որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով միատարր ապահովագրության օբյեկտի տարբեր խմբաքանակների պարբերական ապահովագրությունը նույն ապահովագրողի մոտ կարող է ապահովագրողի և ապահովադրի համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի՝ գլխավոր պայմանագրի հիման վրա:
Ապահովադիրը պարտավոր է ապահովագրության գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող ապահովագրության օբյեկտի յուրաքանչյուր խմբաքանակի վերաբերյալ ապահովագրողին, վերջինիս կողմից նախատեսված ժամկետում, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ՝ դրանք ստանալիս, անհապաղ հայտնել այդպիսի ապահովագրության պայմանագրով նախատեսված տեղեկությունները: Ապահովադիրը չի ազատվում այդ պարտականությունից նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղեկությունների ստացման պահին ապահովագրողի կողմից վնասների հատուցման անհրաժեշտությունն արդեն վերացել է:
Ապահովադրի պահանջով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական վկայագրեր տալ գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող գույքի առանձին խմբաքանակների վերաբերյալ:
Ապահովագրական վկայագրերն ապահովագրության գլխավոր պայմանագրին չհամապատասխանելու դեպքում նախապատվությունը տրվում է ապահովագրական վկայագրին: