Ե՞րբ և ինչպե՞ս է հայտարարվում արտակարգ դրություն

Ինչպես գիտենք, արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

Վերոնշյալ դեպքերում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող` օրենքով նախատեսված միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին։

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ինչպես նաև հրամանագրում կատարվող փոփոխությունները և լրացումները ենթակա են անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Հանրապետության Նախագահի հրամանագրում ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ինչպես նաև հրամանագրում կատարվող փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ ներկայացվում են Ազգային ժողով:

Արտակարգ դրություն հայտարարվելու, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքերում, բացառությամբ իրավական ռեժիմի մեղմացման դեպքերի, իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել