Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը

Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան (բացառությամբ Զինապարտության մասին ՀՀ Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի) արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն:

Նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

Շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում` տարեկան երկու անգամ:

Պահեստազորի սպաների զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում: Զորակոչից տարկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը:

Զորակոչի ենթակա շարքային կազմի և պահեստազորի սպաների թվաքանակը սահմանում է կառավարությունը:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիքի զորակոչիկները` 14 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում, պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:

Նշենք, որ Զինապարտության մասին ՀՀ Օրենքի 14 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը, բացառությամբ պետական պատվերով պետական գիտակրթական համակարգի, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների կամ օրենքով նախատեսված դեպքում ասպիրանտուրայում սովորողների, ինչպես նաև դատական դպրոցի ունկնդիրների, որոնց տարկետում տրվում է մինչև ուսման ավարտը: Եթե նշված անձինք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, ապա պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան կամ դատական դպրոցն ավարտելուն հաջորդող զորակոչի ընթացքում:

Սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա պահեստազորի առաջին խմբի սպաները, որոնք ավարտել են ասպիրանտուրան կամ ունեն գիտական աստիճան, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ըստ իրենց մասնագիտացումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել