Ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված կարգը խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 40.7-րդ հոդվածի համաձայն՝

Զանգվածային լրատվության միջոցներով, բացառությամբ կուսակցությունների հիմնադրած մամուլի միջոցների, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության իրականացման համար հավասար պայմաններ` եթերաժամ կամ ծավալ, սակագին և այլն չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից իրականացվող նախընտրական քարոզչության վերաբերյալ ակնհայտ կողմնակալ և (կամ) գնահատականներով տեղեկատվություն ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

Օրենքով սահմանված կարգով որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչև ընտրությունների ավարտն ընկած ժամանակահատվածը, հեռուստառադիոընկերությունների աշխատակիցների կողմից հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) ընտրությունները լուսաբանելը և (կամ) հեռուստառադիոհաղորդում (հեռուստահաղորդում կամ ռադիոհաղորդում) վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները կամ ռադիոհաղորդումները) ապրանքների կամ ծառայությունների գովազդով ընդմիջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել