Երկու կամ ավելի քաղաքացիների համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը համահեղինակներին է պատկանում համատեղ` անկախ նրանից, այդ ստեղծագործությունը մեկ միասնական ամբողջությու՞ն է, թե՞ կազմված է մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի նաև ինքնուրույն նշանակություն:
Ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե այն կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ:
Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր հայեցողությամբ օգտագործել ստեղծագործության իր կողմից ստեղծված ինքնուրույն նշանակություն ունեցող մասը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:
«Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում համահեղինակները ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն իրականացնում են համատեղ, իսկ եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Եթե համահեղինակների ստեղծագործությունը կազմում է մեկ անբաժանելի ամբողջություն, ապա համահեղինակներից որևէ մեկն իրավունք չունի առանց բավարար հիմքերի արգելել մյուս համահեղինակներին՝ օգտագործելու ստեղծագործությունը: