Ի՞նչ գործունեություն կարող է իրականացնել աուդիտորը

Աուդիտ իրականացնող անձին, բացի աուդիտորական գործունեությունից և ստորև նշված ծառայությունների մատուցումից, արգելվում է ձեռնարկատիրական որևէ այլ գործունեությամբ զբաղվելը:

Աուդիտ իրականացնող անձին չի արգելվում մատուցել նաև հետևյալ ծառայությունները`
ա) հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմում.
բ) հաշվապահական հաշվառման, տնտեսագիտության, ֆինանսների և աուդիտի գծով ուսուցանում.
գ) ակտիվների և (կամ) պարտավորությունների և (կամ) իրավաբանական անձի բաժնետոմսի (փայի, բաժնեմասի և այլ մասնակցության) գնահատում.
դ) հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում.
ե) կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն.
զ) հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական և իրավաբանական խորհրդատվություն.
է) գործարար (բիզնես) պլանի կազմում.
ը) հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում.
թ) մասնագիտական գրականության հրատարակում:

Վերը նշված ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար օրենքով լիցենզիա պահանջվելու դեպքում աուդիտ իրականացնող անձը գործունեության այդ տեսակներով զբաղվելու համար պարտավոր է սահմանված կարգով ստանալ համապատասխան լիցենզիա:

Աուդիտորական ծառայություն չի կարող իրականացնել`
ա) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը տվյալ աուդիտի ենթարկվող անձին մատուցել է վերոնշյալ «ա», «գ», «դ» կամ «ե» կետերում նշված ծառայությունները կամ կատարել է այդ մասերով նախատեսված աշխատանքները` տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար.
բ) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).
գ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).
դ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձին փոխկապակցված անձ.
ե) աուդիտորը` իրեն փոխկապակցված անձանց մոտ.
զ) աուդիտորական կազմակերպությունը` իրեն փոխկապակցված անձանց մոտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել