Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

Տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:
Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում` մինչև հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը: Այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման համարանիշի հետ տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում:

Տրանսպորտային միջոցի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալ պարբերականությամբ.

ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրոլեյբուսները, ավտոբուսները և մարդատար-տաքսի ավտոմոբիլները (բացառությամբ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլների)` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

բ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.

գ) տրանսպորտային միջոցները, այդ թվում` մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:

Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել