Որո՞նք են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հիմնական խնդիրները

ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի թիվ 98-Ն որոշմամբ ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ինը պետական գերատեսչության և հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող ութը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն 4 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում մեկ նիստ գումարվում է Հայաստանի Հանրապետության Վարչապետի մոտ: Հաշմանդամության իրավիճակի մասին ներկայացվում է ամենամյա ազգային զեկույց:

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
• հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելը,
• հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների, հաuարակական կյանքում նրանց առավելագույնս ներգրավվածության ապահովմանը, սոցիալական հիմնախնդիրների լուծմանն աջակցելը
• հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և այդ ոլորտում գործող հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը.
• հաշմանդամության իրավիճակի մասին ամենամյա ազգային զեկույցի քննարկումը և այլն:

Պետք է նշել, որ ի կատարումն ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի թիվ 98-Ն որոշման` մարզպետների որոշմամբ ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովներ, որոնց գործունեությունը ուսումնասիրելու և մեթոդական օգնություն տրամադրելու նպատակով հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության աշխատակիցները պարբերաբար կատարում են մարզային այցեր:

Ազգային հանձնաժողովը քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների հաշվետվությունները, նիստերի ժամանակ լսում նրանց կատարած աշխատանքների մասին տեղեկատվությունը, քննարկված հարցերի վերաբերյալ կայացվում են որոշումներ` դրանք իրականացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել