Մարզերից Երևան եկող ծնունդների թիվը 15 տոկոսով նվազել է

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ընթացիկ հարցերի քննարկումից հետո նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա։ Նա շեշտեց, որ որոշ մարզերից և Երևանի առանձին պոլիկլինիկաներից ահազանգեր են ստացվում, որ շաքարային դիաբետով հիվանդներն իրենց անհրաժեշտ դեղերը չեն ստանում այն դեպքում, երբ նախարարությունն ապահովում է դրանց անխափան մատակարարումը` եռամսյակային կտրվածքով, բժշկական բոլոր հաստատություններին բաշխելով անհրաժեշտ ինսուլինային սրվակներով և հակադիաբետիկ հաբերով: Այդպիսով, Դերենիկ Դումանյանը խստորեն հանձնարարեց հետևել պոլիկլինիկաների աշխատանքին և բացառել նման դեպքերը։ Միաժամանակ, նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց օժանդակել դեղերն անխափան բուժհիմնարկներ հասցնելու գործընթացին։

Նախարարը նաև մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի մայիսի 1-ից մարզային կտրվածքով տեղայնացման արդյունքները։ Նա նշեց, որ անցած օրերի տվյալներով մարզերից Երևան եկող ծնունդների թիվը 15 տոկոսով նվազել է։ Դերենիկ Դումանյանը հանձնարարեց խիստ հսկողություն սահմանել ուղեգրումների նկատմամբ, իսկ մեկ ամսվա արդյունքները մանրակրկիտ ուսումնասիրել` ճշտելու, թե հատկապես որ մարզերից կամ բուժհաստատություններից են ավելի շատ ուղեգրեր տրվում և որքանով են դրանք արդարացված։ Նախարարը հանձնարարեց ամենայն խստությամբ զբաղվել այս խնդրով, որպեսզի չվերադառնանք նախկին իրավիճակին, երբ շատ դեպքերում հղիներն ինչ-ինչ պատճառներով ուղղորդվում էին որոշակի ծննդատներ։

 Դերենիկ Դումանյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում տեղի ունեցած ավտովթարներից տուժածներին մայրաքաղաք տեղափոխելու խնդրին։ Նա շեշտեց, որ մարզերում կառուցված կամ հիմնանորոգված արդիական հիվանդանոցների ղեկավարները պետք է մտածեն ոչ թե ծանր հիվանդներին մայրաքաղաք տեղափոխելու, այլ առանց երբեմն ճակատագրական ժամանակը կորցնելու` տեղում բժշկական օգնություն կազմակերպելու մասին։ Երևանից ռեանիմոբիլ պահանջելու և հիվանդին մայրաքաղաք տեղափոխելու փոխարեն ավելի ճիշտ կլինի անհրաժեշտ նեղ մասնագետին հրավիրել իրենց մոտ։ Այլ բան է, եթե բարձր տեխնոլոգիաների անհրաժեշտություն է լինում, որը կարելի է միայն Երևանում ապահովել։ Նախարարը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց նաև այս խնդրին։

Ուրիշ այլ հարցերից բացի Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ տանել հունիսի 15-ից Երևան-Սևան մայրուղում շտապօգնության բրիգադների հերթապահությունները սկսելու նպատակով։

 Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել