Կարո՞ղ է դատավորը զբաղվել ոչ դատական գործունեությամբ

ՀՀ դատական օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Դատավորի ոչ դատական գործունեության իրականացումը չպետք է`
1) ողջամիտ կասկածներ առաջացնի որպես դատավոր անկողմնակալ գործելու նրա ունակության վերաբերյալ.
2) նսեմացնի դատավորի պաշտոնի հեղինակությունը, կամ
3) խոչընդոտի դատական պարտականությունների պատշաճ իրականացմանը:

Դատավորը չպետք է զբաղվի փաստաբանական գործունեությամբ, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց առանց հատուցման իրավաբանական խորհրդատվություն է մատուցում:

Դատավորը չի կարող գործել որպես գույքի հավատարմագրային կառավարիչ կամ կտակակատար, բացառությամբ, երբ նա առանց հատուցման գործում է իր ընտանիքի անդամի կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:

Դատավորը կարող է զբաղեցնել ոչ առևտրային կազմակերպությունում պաշտոն, եթե՝
1) իր գործունեությունը այդ պաշտոնում իրականացվում է անհատույց.
2) եթե համապատասխան դատարանում կամ ստորադաս դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ.
3) եթե այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության գույքային շահերի ներկայացուցչության իրականացում:

Դատավորը պարտավոր է իր կողմից իրականացվող ոչ դատական գործունեության մասին հնարավոր սեղմ ժամկետում հայտնել Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին՝ նշելով վերաբերելի մանրամասներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել