Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք:
Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) բժշկական միջամտություն է, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով: Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հղիության վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով:
Հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն:
Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:
Հղիության արհեստական ընդհատումն անչափահասի դիմումով կատարվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման վրա:
Եթե կինը չի ցանկանում հղիության արհեստական ընդհատումը կատարել բնակության վայրի բուժհաստատությունում, ապա կարող է դիմել ցանկացած ստացիոնար բուժհաստատություն` իր ընտրությամբ:
Հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո առողջապահական հաստատությունը կնոջը տրամադրում է անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ: