Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դրամարկղից առհաշիվ ստացած 2 841 159 ՀՀ դրամը հետ կգանձվի տոկոսներով

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ա.Ապիտոնյանի` 2.841.159 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, սկսած 31.05.2011թ. մինչև պարտավորության դադարման օրը ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների 2.841.159 ՀՀ դրամ գումարի նկատմամբ տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասին:

Դիմելով դատարան` հայցվորի ներկայացուցիչ Ե.Կասպարովան հայտնել է, որ Ա. Ապիտոնյանը 02.07.2007թ.-07.05.2012թ. աշխատել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությունում որպես իրավաբան:

Վերջինս ընկերության դրամարկղից 31.05.2011թ. առհաշիվ ստացել է երկու միլիոն ութ հարյուր քառասունմեկ հազար հարյուր հիսուն ինը ՀՀ դրամ գումար:

Ընկերության հաշվապահությունում բացակայում է 31.05.2011թ. թիվ 251 ելքի օրդերով առհաշիվ ստացած ՀՀ դրամ գումարի ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Մասնավորապես, բացակայում է առհաշիվ գումարների ծախսերի մասին հաշվետվությունը:

Փաստորեն սույն գործով պատասխանողը պետք է ներկայացներ ընկերություն կամ հաշվետվություն` առհաշիվ ստացած գումարի մասին կամ էլ նշված գումարը վերադարձներ ընկերության դրամարկղ:

Բազմաթիվ անգամներ պատասխանողին առաջարկվել էր սույն քաղաքացիական գործի առարկա հանդիսացող գումարը վերադարձնել ընկերության դրամարկղ, սակայն պատասխանողը մինչ օրս անհիմն պատճառաբանություններով ընկերության դրամարկղ մուտք չի արել թիվ 251 ելքի օրդերով 31.05.2011թ. ստացած 2.841.159 ՀՀ դրամ գումարը:

Պատասխանողը դատարանում նշել է, որ այդ ժամանակահատվածում ինքը լիազորված է եղել «Բամօ» ՍՊԸ-ից հայցվորից ստանալու գումարներ և վերադարձնել «Բամօ» ՍՊԸ-ին: Նշված գումարը ստացել է և այն վերադարձրել է «Բամօ» ՍՊԸ-ին, դրա վերաբերյալ «Բամօ» ՍՊԸ-ի և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերության միջև ստորագրվել է փոխադարձ հաշվարկների ակտ, այդ գումարը նշված է այդտեղ: Պատասխանելով դատարանի հարցերին` նշել է, որ այդ գումարը իրենից չի պահանջվել մինչև սույն հայցադիմումը:

Դատարանի եզրահանգմամբ, թեև Ա.Ապիտոնյանի կողմից այդ գումարները ձեռք է բերվել հայցվորի գործելակերպի հետևանքով, այնուամենայնիվ, նա պարտավոր է վերադարձնել տուժողին` հայցվոր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը իր կողմից անհիմն ձեռք բերված գույքը` անհիմն հարստացումը:

Դատարանի եզրահանգմամբ՝ Հայցվորի կողմից չհիմնավորվեց և չապացուցվեց պատասխանողից այդ գումարը հետ պահանջելու օրը, որը կարող էր դիտարկվել որպես կետանցի օր, հետևաբար դատարանը որպես պարտավորության կատարման պահանջ և կետանցի օր է համարում հայցվորի կողմից հայցադիմումը դատարան ներկայացնելու օրը, այն է 2012թ. հուլիսի 04-ը: Հետևաբար, 2.841.159 ՀՀ դրամ գումարի վրա կետանցի օրվանից` 2012թ. հուլիսի 04-ից կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածը մինչև պարտավորության դադարման օրը` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի:

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի. Ա.Ապիտոնյանից հօգուտ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերության բռնագանձել 2 841 159 ՀՀ դրամ գումար: 2 841 159 ՀՀ դրամ գումարին կետանցի օրվանից` 2012թ. հուլիսի 04-ից մինչև պարտավորության փաստացի դադարման օրը կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածը` հաշվարկել և Արման Ապիտոնյանից հօգուտ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերության բռնագանձել բանկային տոկոսներ` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի: 2 841 159 ՀՀ դրամ գումարին 31.05.2011թ-ից տոկոսներ հաշվարկելու պահանջը մերժել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել