Դատախազությունը պահանջը ՍՊԸ-ից կրկնակի՞ հարկում էր ենթադրում

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ Կոտայքի մարզի դատախազության, հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ընդդեմ Գոհար Մկրտչյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի` հանցագործությամբ պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին:

Հայցվորը հայտնել է, որ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննված քրեական գործի նյութերով հիմնավորվել է, որ Գ.Մ-ն, հանդիսանալով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Նարեկ և եղբայրներ մատակարարման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 32-րդ, 471-րդ հոդվածների, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, 2006թ. շահութահարկի հաշվարկով համախառն եկամտից ծախսերի մասով ավել նվազեցում է կատարել 545.900 ՀՀ դրամի չափով, 2008թ. շահութահարկի հաշվարկով ավել նվազեցում է կատարել 54.303.000 ՀՀ դրամի չափով, նույն թվականի շահութահարկի հաշվարկով չի հաշվարկել և սահմանված ժամկետում չի վճարել շահութահարկի նվազագույն գումարները, իսկ 2007թ. 8-10-րդ ամիսների համար պակաս է հաշվարկել ու վճարել նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, որով խուսափել է ընդհանուր առմամբ 10.969.800 ՀՀ դրամ հարկ և 25.500 ՀՀ դրամ սոց. վճար մուծելուց: Գ.Մ-ն իր անհամաձայնությունն է հայտնել ընկերությունում կատարված ստուգումների արդյունքների հետ, սակայն իր համաձայնությունն է տվել իր նկատմամբ ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման դրույթները կիրառելու համար:

Պետությանը պատճառած 10.995.300 ՀՀ դրամ վնասը Գ.Մ-ն կամովին չի վերականգնել:

Հայցվորը, ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 87-րդ հոդվածներով, խնդրել է Գ.Մ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 10.995.300 ՀՀ դրամ:

Դատարանը, լսելով կողմերի և երրորդ անձի ներկայացուցիչներին, հետազոտելով հայցադիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը և յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա, հանգել է այն հետևության, որ վերոհիշյալ ապացույցներով հայցապահանջը հիմնավորված չէ:

Դատարանի եզրահանգմամբ՝ Հայցվորի ներկայացուցչի կողմից Դատարանին ներկայացված տեղեկություններից ակնհայտ է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, իրականացնելով հարկերի հավաքագրման իր լիազորությունը և օրենքով սահմանված կարգով հայց հարուցելով ՀՀ վարչական դատարանում` ապացուցել է 10.07.2009թ. կազմված թիվ 1005242 ակտի իրավաչափությունը ինչի արդյունքում ՀՀ վարչական դատարանը բավարարել է ներկայացված հայցը և կայացրել է վճիռ` Ընկերությունից Հայաստանի Հանրապետության օգտին 19.679.700 դրամ գումար, այդ թվում` սույն գործով հայցագինը կազմող 10.995.300 դրամը, բռնագանձելու մասին, որպիսի վճիռը մտել է օրինական ուժի մեջ և հիմք ծառայել պարտապանի նկատմամբ կատարողական գործողություններ սկսելու համար: Այսպիսով, արդեն իսկ առկա է այն հարկի գումարը դրա վճարման պարտավորությունը կրող սուբյեկտից բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը սույն գործով հայցվորի կողմից կրկին առաջադրվել է բռնագանձման` այս անգամ արդեն ընկերության տնօրենից և վնասի անվան ներքո, և սույն գործով հայցը բավարարվելու դեպքում առկա կլինեն միևնույն հաշվետու ժամանակաշրջանում միևնույն հարկվող օբյեկտի հարկմանը վերաբերող և հավասարապես պարտադիր կատարման ենթակա երկու դատական ակտ, որոնցից մեկի կատարման փաստն ամենևին հիմք չի ծառայի նույն գումարի մասով մյուսի կատարմանն ուղղված գործողությունների դադարեցման համար, որպիսի իրավիճակը չի կարող որակվել այլ կերպ, քան որպես կրկնակի հարկում, մինչդեռ կրկնակի հարկումն արգելված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 9րդ հոդվածով:

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել