Վիրավոր հրամանատարին օգնելիս Մայիսը մահացու վիրավորում է ստացել․ ընկերները ասում էին՝ «կինոյի տղա»

«Մայիսը պարտություններից ավելի էր ոգևորվում, որ հաջորդը իր մոտ պետք է ավելի լավ լինի։ «Ամենախելացիի» ժամանակ անգամ, երբ չհասավ եզրափակիչ, էլի չկոտրվեց, ուզում էր նորից մասնակցել»,-պատմում է Արցախյան պատերազմում զոհված Մայիս Հովսեփյանի քույրը՝ Լիդա Հովսեփյանը։

Նա ասում է, որ եղբայրn ամեն ինչին գերազանց էր տիրապետում, թե՛ շախմատին, թե՛ քարտեզին, թե դպրոցի գիտելիքներին։ Համատեղել է սպորտը, դասերը և աշխատել է։

Մայիսը բանակ է զորակոչվել 2019 թվականին, ծառայել է Ջրականում։ Եղել է նռնակաձիգ։ Երեք ընկերներով միասին են ծառայել։

«Ծառայությունից շատ-շատ գոհ են եղել, երեք ընկեր էստեղից միասին գնացին Ջրական։ Մայիսն ասում էր՝ մեզ այստեղ ոչ ոք ոչ մի բան չի կարող ասել»,-պատմում է քույրը։

Լիդան պատմում է, որ եղբոր ընկերներն իրեն «կինոյի տղա» են անվանել, իր գեղեցիկ արտաքինի համար։ Մարտական ընկերները պատմել են, որ Մայիսի հրամանատարությամբ են առաջ գնացել, օրեր շարունակ անառիկ են պահել իրենց վստահված դիրքը։

Մայրը՝ Լուսինե Հովսեփյանը պատմում է, որ որդին վստահ է եղել՝ հաղթելու են ու իրենց ոչինչ չի պատահի։

«Շատ լավ էր տիրապետում իր զենքին։ Ոչնչացրել են դիվերսիոն խմբեր։ Ղեկավարել է իր ընկերներին, որպեսզի չնահանջեն, համախմբված լինեն և մեծ թվով թշնամի են ոչնչացրել»,-նշում է մայրը։

Մայիս Հովսեփյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 9-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել