Մտնում են մեր տուն ադրբեջանցիները․ առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է․ Թագուհի Թովմասյան

Այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ այս իրավիճակում ընտրությունների մասին խոսելը անբարոյականություն է համարում։

Նրա խոսքով՝ իրավիճակը Վարդենիսում բավականին լուրջ է։

«Մտնում են մեր տուն ադրբեջանցիները: Մենք երկիր ենք կորցնում ու գնում ենք ցուցակ կազմելու, քարոզարշավ անելու: Ո՞ւմ համար եք քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու, մեր սահմանները հանձնում ենք: մենք պետք է այս ռիսկերը հասկանանք ու ըստ այդմ գնահատենք: Իսկ Հայաստանում և իշխանությունը, և ընդդիմությունը զբաղված են հավասարապես իրենց անձնական, քաղաքական ապագան կառուցելով, բայց թե որ երկրում, դա ես չեմ կարողանում հասկանալ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հիմա ռազմական դրության անհրաժեշտություն կա, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ մենք վաղուց պետք է ռազմական դրություն հայտարարեինք, որովհետև այն ժամանակ, երբ որևէ ոտնձգություն մեր սահմաններին չկար, մենք ռազմական դրություն էինք պահպանել: Հիմա երբ իրապես Հայաստանի սահմանային անվտանգությունը վտանգված է, մեր երկրի նկատմամբ իրականացվել ոտնձգություն ու մենք ռազմական դրություն չենք հայտարարում: Տրամաբանությունը չեմ հասկանում: Սրանից ավել էլ ի՞նչ պետք է լիներ, որ համարեինք, որ ռազմական դրության անհրաժեշտություն կա»:

Թովմասյանի խոսքով՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը եղել է անկախ պատգամավորներինը: Իրենք՝ անկախ պատգամավորներով դիմել են բոլոր խմբակցութուններին, քանի որ չունեն լիազորություն՝ արտահերթ նիստ նախաձեռնելու:

«Եվ համատեղ արդեն ստորագրել ենք: Խիստ անհրաժեշտ է, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը մեր երկրում հրատապ նիստ հրավիրի, և քննարկենք մեր սահմանային իրավիճակը, և հասկանանք, թե ովքեր են մեղավոր, ինչու է Հայաստանի առաջնագիծը մինչև հիմա շարունակում մնալ չկահավորված, ինչո՞ւ մենք մեզ համար անվտանգային միջավայր չենք ստեղծում»,- ասաց Թովմասյանը:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ, հաշվի առնելով Սյունիքում և ՀՀ սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հանդես են գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։

Անկախ պատգամավորի խոսքով՝ պետք է պաշտոնական օղակները հստակ տեղեկություն տան, թե որ հատվածից, քանի կմ են ներխուժել, ինչպես են ներխուժել, ինչու նախապես չենք իմացել․ «Ինչո՞ւ մեր հետախուզությունը չի զեկուցել, ինչ հակաքայլեր են արվել: ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր պետք է պատասխանատվություն կրի, որովհետև մենք կորցրել ենք ՀՀ-ի սահմանային անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է, որովհետև ինքն է ԳՇ պետը: Ես հետևողական եմ լինելու այս հարցում»,-ասաց նա:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե նախկինները 27 տարի չեն կահավորել առաջնագիծը, Թագուհի Թովմասյանը նկատեց, որ այս առաջնագիծը առաջացել է նոյեմբերի 9-ից հետո, երբ Քարվաճառը փոխանցվեց Ադրբեջանին: «Մենք ունեցել ենք շատ մեծ բուֆերային գոտի, որը կորցրել ենք, դրա համար հիմա գտնվում ենք այսքան մոտ հեռավորության վրա: Հիմա ադրբեջանցի զինվորների աչքերը փակենք, որ չտեսնի՞, որ մենք խրամատ չունենք, որ մեր զինվորները ցելոֆանե վրանների մեջ են քնում: Հիմարություն է մտածել, որ ադրբեջանցին իմ կամ որևէ մեկի բարձրացված հարցի միջոցով պետք է իմանա, թե ինչ է կատարվում առաջնագծում»,-ասաց Թովմասյանը:

Նա նկատեց, որ ադրբեջանական զինուժը այդ նույն եղանակային պայմաններում կարողանում է խրամատներ փորել, մենք չենք կարողանում. «Մենք ինչու ենք այսքան մոռացել առաջնագծի մասին, ինչու ենք այսքան թերագնահատում թշնամուն: Երեկ ինձ զանգել ասում են՝ եթե մարդ չի գալիս, գոնե զենք տվեք, որ պաշտպանվենք:

Ես կարծում եմ, որ Ադրբեջանի գործողությունները մեծապես պայմանավորված են մեր երկրում առկա անկայուն վիճակով: Քանի մենք խառն ենք, իրար ենք ուտում, իրենք ընդլայնվում են: Առաջին պատերազմում եղել է նույնը. Երբ Ադրբեջանում իրար էին ուտում, մենք ընդլայնում էինք մեր տարածքները:»,-ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել