Ստեփանակերտում առաջիկա երկու տարվա ընթացքում 1000 բնակարան կշահագործվի

Ապրիլի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի շինարարական հրապարակներ, ծանոթացել նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահը մասնակցել է Թումանյան փողոցում նոր 157 բնակարանանոց շենքի հիմնարկեքին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2 տարվա ընթացքում:

Նույն ժամկետում կավարտվեն Արցախ թաղամասում կառուցվող 191 բնակարանանոց համալիրի, Կնունյանցների փողոցում 70 բնակարանանոց շենքի, Վարդան Մամիկոնյան փողոցում 171 բնակարան ունեցող բազմահարկի, Տիգրան Մեծի փողոցում կառուցվելիք նոր թաղամասում՝ 218 բնակարանների շինարարությունը: Նախագահ Հարությունյանը քաղաքաշինության նախարարի, Ստեփանակերտի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկել է աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ՝ ուղղված աշխատանքները նախանշված ժամկետներում ավարտելուն:

«Մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի հիմնական շահառուները տեղահանված Շուշի և Հադրութ քաղաքների բնակիչներն են, ինչպես նաև սոցիալական մի շարք խմբեր: Խնդիրը օր առաջ նրանց բնակարանով ապահովելն է»,- ասել է ԱՀ նախագահը:

Ստեփանակերտում բնակարանամուտի առաջին արարողությունները կլինեն մինչև տարեվերջ:

Շինարարները Արցախի նախագահին տեղեկացրել են, որ ամիսներ անց կհանձնեն Առաքելյան փողոցում կառուցվող 29 բնակարանանոց շենքը, Թումանյան փողոցում գտնվող 108 բնակարանանոց շենքն ու Սպայական թաղամասի հարևանությամբ կառուցվող 153 բնակարան ունեցող նոր թաղամասը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել