3 տարվա կենսաթոշակի փոխարեն կստանա մեկ տարվանը

Ռ.Մուրադյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` վարչական ակտը վերացնելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջների մասին։

Ռ.Մուրադյանը դատարանին հայտնել է, որ ինքը նախկին ՆԳՄ ՀՊՎ-ի պաշտոնաթող ջոկի հրամանատար է, երկարամյա զինծառայության կենսաթոշակառու 1994թ-ից։ Հանդիսանում է ՀՀ քաղաքացի։ Վերջին կենսաթոշակը ստացել է 2009թ. սեպտեմբերին, որից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

ՌԴ-ում գտնվելու ժամանակ ինքը ենթարկվել է շատ ծանր վիրահատության և բուժվել ութ ամիս։ Հայաստան վերադառնալուց հետո չստացած կենսաթոշակը ստանալու համար դիմել է ՀՀ ԱԻՆ սոցիալական ապահովության հարցերի բաժին` իր չստացած 2 տարի 9 ամսվա կենսաթոշակը ստանալու համար, սակայն ստացել է մերժում այն մասին, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխության համաձայն` իրեն կարող են վճարել միայն վերջին մեկ տարվա կենսաթոշակը։ Նախկին «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` կենսաթոշակառուն իրավունքը պահպանելու դեպքում կարող էր ստանալ վերջին չստացված 3 տարվա կենսաթոշակի գումարը։ Տվյալ օրենքի ուժով իրեն պետք է վճարեին 2 տարի 9 ամսվա կենսաթոշակը, մինչդեռ իրեն վճարվում է ընդամենը մեկ տարվանը։

Դատարանի եզրահանգմամբ՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացթում անձը կենսաթոշակի իրավունք է ունեցել։ Սույն գործով պարզված փաստերի համաձայն` հայցվորի կենսաթոշակի վճարումը դադարեցվել է 2010 թվականի հոկտեմբեր ամսին` երկրից բացակայելու 12 ամիսը լրանալու հիմքով, այսինքն ոչ վարչական մարմնի մեղքով, ինչը գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կենսաթոշակի վճարման դադարեցման հիմք է հանդիսացել, հայցվորը պատասխանողին դիմել է 09.07.2012թ., երբ արդեն գործել է ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.03.2012թ. ընդունված ՀՀ օրենքը, ուստի հայցվորի կենսաթոշակը ենթակա էր վճարման միայն դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում վերջինս կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել