«D&G DOLCE & GABBANA JUNIOR» ցուցափեղկերը համապատասխանում են Գովազդի կանոններին

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Լուվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հ.Հովհաննիսյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի 2011թ. հուլիսի 18-ի թիվ 5/24-11 գրությամբ հայտնել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2011թ. 1-ին կիսամյակին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման վիճակը, որի արդյունքում պարզվել է, որ թվով 110 լուսանկարներում պատկերված առևտրային կազմակերպությունների հրապարակային գրվածքների (ցուցանակ, գովազդ) լեզվական ձևավորումն ոչ հայերեն է և չի համապատասխանում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածների պահանջներին։ Վերոնշյալ գրության հիման վրա Տեսչության պետը 2011թ. սեպտեմբերի 28-ին արձակել է թիվ 29 հրամանը, որով լիազորվել է ապահովել վարչական վարույթի հարուցումը «Լուվի» ՍՊԸ-ում։

Հրամանի կատարումն ապահովելու նպատակով, 2011թ. սեպտեմբերի 29-ին Տեսչության աշխատակիցները այցելել են ք.Երևան, Նալբանդյան 13 հասցեում գործող «Լուվի» ՍՊԸ և տեղում կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 050 արձանագրությունը՝ ցուցանակները ոչ հայերեն ձևավորելու դեպքերն առկա լինելու հիմքով: Որպես վարչական իրավախախտման օբյեկտ է նշվել «Լուվի» ՍՊԸ-ի խանութի` ոչ հայերեն, միայն օտարատառ ձևավորմամբ` մուտքի վերևի աջ հատվածում տեղադրված «D&G DOLCE & GABBANA JUNIOR» («Դի և Ջի Դոլչչե և Գաբբանա Ջունիոր») ցուցանակը։

«Լուվի» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Հովհաննիսյանը 2011թ. սեպտեմբերի 30-ի` հասցեագրված Տեսչության պետին և Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետին ուղղված գրությամբ հայտնել է, որ Լուվի ՍՊԸ-ն չունի գործող «Բեյբի դիոր» խանութ:

Սույն գործով դատարանի գտել է, որ Տեսչության աշխատակիցները, համոզվելով, որ Հրամանում նշված հասցեում «Լուվի» ՍՊԸ-ին պատկանող «Բեյբի դիոր» խանութ չկա, այնուամենայնիվ, դուրս գալով Հրամանով տրված լիազորությունների սահմանից, իրենց նախաձեռնությամբ կազմել են Արձանագրությունը` որպես վարչական իրավախախտման օբյեկտ նշելով «Լուվի» ՍՊԸ-ին պատկանող նույն հասցեում գտնվող մեկ այլ խանութի մուտքի վերևի աջ հատվածում տեղադրված ոչ հայերեն, միայն օտարատառ ձևավորմամբ «D&G DOLCE & GABBANA JUNIOR» («Դի և Ջի Դոլչչե և Գաբբանա Ջունիոր») ցուցանակը։

Դատարանի գնահատմամբ՝ ք.Երևան, Նալբանդյան 13 հասցում գտնվող «Լուվի» ՍՊԸ-ի խանութի մուտքի վերևի աջ հատվածում տեղադրված` ոչ հայերեն, միայն օտարատառ ձևավորմամբ «D&G DOLCE & GABBANA JUNIOR» ցուցափեղկը հանդիսանում է որպես արտաքին և ցուցափեղկային գովազդ, և «Լուվի» ՍՊԸ կողմից օտարատառ «D&G DOLCE & GABBANA JUNIOR» ապրանքային նշանի օգտագործելը համապատասխան խանութի մուտքի ցուցափեղկին չի հակասում օրենքին և չկա օտարատառ ապրանքային նշանի որպես գովազդի օգտագործումը սահմանափակող օրենսդրական որևէ հիմք։

Ուստի ՀՀ վարչական դատարանը վճռեց հայցը մերժել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել