«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է․
«Մեկ տարի առաջ Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելիին կարծում եմ հիշում եք: Աղջիկը երկարատև բուժում ստացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ու լիարժեք ապաքինված վերադարձավ Գյումրի: Այսօր կրկին նա մեզ մոտ էր՝ տեսակցելու շուրջ հինգ ամիս իրեն խնամող ու բուժող բժիշկներին ու անձնակազմին:
Նազելիի կյանքում հիմա ամեն բան խաղաղ է: Սովորում է դպրոցում, ապրում է եղբոր հետ: Արդեն մտածում է մասնագիտություն ձեռք բերելու մասին: Հավանական է, որ կընտրի իրավաբանի մասնագիտությունը: Հայտնի ու ցավալի դեպքերից հետո Նազելիի կյանքում նոր ընկերներ են հայտնվել, ինչպես «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, այնպես էլ հիվանդանոցից դուրս:
Հ.Գ. Մինչ օրս էլ աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը։ Ոստիկանության տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ 28-ամյա երիտասարդը խփել էր նաև վեճին միջամտած դստերը։ Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր։ 13-ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխան ուներ բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ անրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։