Գևորգյանը հրաժարվում է հողամասի օտարման պայմանագիր կնքել

ԴԱՀԿ ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժինը հայց է հարուցել դատարան ընդդեմ Ա.Գևորգյանի` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 206/9 հոդվածի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.12.2011թ. տրված թիվ ՍԴ1/0046/02/10 կատարողական թերթի համաձայն` պետք է Ա.Գևորգյանին պարտավորեցնել (հարկադրել) կնքելու ՀՀ Կառավարության 26.06.2009 թվականի թիվ 944-Ն որոշման հավելվածի 1-ին ցանկի 2-րդ կետում նշված հողամասի օտարման (առուվաճառքի) պայմանագիր՝ պայմանագրի նախագծի պայմաններով: Վերոգրյալի հիման վրա պահանջատիրոջ դիմումի համաձայն 09.02.2012թ. հարուցվել է թիվ 09-304/12 կատարողական վարույթը:

09.02.2012թ. կայացված՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին որոշմամբ Ա.Գևորգյանին պարտադրվել է կատարել դատական ակտը և կնքել ՀՀ կառավարության 26.06.2009 թվականի թիվ 944-Ն հավելվածի 1-ին ցանկի 2-րդ կետում նշված 122-006 ծածկագրով հողամասի օտարման (առուվաճառքի) պայմանագիր՝ պայմանագրի նախագծի պայմաններով: Կայացված որոշման պահանջների կատարման համար ժամկետ է սահմանվել մինչև 01.03.2012 թվականը: Ա.Գևորգյանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորյալ չի կատարվել և նա գրավոր կերպով հայտնել է, որ չի կնքելու ՍԴ1/0046/02/10 քաղաքացիական գործով վերը նշված հողամասի օտարման պայմանագիր: 07.05.2012թ-ին կրկին կայացված որոշմամբ Ա.Գևորգյանին պարտադրվել է կատարել դատական ակտը և կատարման համար նոր ժամկետ է սահմանվել մինչև մինչև 07.06.2012 թվականը:

Դատական ակտը դիտավորությամբ Ա.Գևորգյանի կողմից չկատարվելու փաստը (զանցակազմը) բացի Արձանագրությունից, հաստատվել է ԴԱՀԿ ծառայությունում 19.03.2012թ-ին մուտք եղած Ա.Գևորգյանի դիմումով, որով նա հայտնել է, որ չի կնքելու ՍԴ1/0046/02/10 քաղ. գործով հողամասի օտարման (առուվաճառքի) պայմանագիր, քանի որ հողամասի օտարման համար իրեն առաջարկվող գինը շատ ցածր է իրական արժեքից: Միաժամանակ հայտնել է, որ տեղյակ է դատարանի վճիռը չկատարելու համար պատախանատվության ենթարկելու մասին:

Դատարանը վճռեց հայցը բավարարել: Պատասխանող Ա.Գևորգյանին ճանաչել մեղավոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206/9 հոդվածով նախատեսված զանցանքի կատարման մեջ և ենթարկել տուգանքի՝ 50000 (հիսուն հազար) դրամի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել