Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ համացանցում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ՝ ոստիկանների մասնացկությամբ քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ներկայացնելով դա, որպես օրերս կատարված իրադարձություն:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ օրերս կատարված իրադարձության մասնակից ոստիկանները չէին կարող լինել ամառային համազգեստով: Եվ տեսանյութում երևացող այդ ակնառու փաստն ինքնին արդեն խոսում էր ժամանակագրական առումով հրապարակվածի ապատեղեկատվություն լինելու մասին:
Իրականում այս դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա կեսերին, դրա կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել և քննվել է քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրվել ՀՀ Ոստիկանության ՃՈ երեք տեսուչների և այդ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այդ մասին, ի դեպ, ՀՀ դատախազությունը նաև հաղորդագրություն է հրապարակել 2021թ. հունվարի 21-ին:
Հ.Գ. Ուղղակի զարմանալի է, թե լրատվամիջոցներն ինչպես են արագ կուլ տալիս անգամ վիզուալ ու բովանդակային ակնհայտ հակասություններ ունեցող տեղեկատվական խայծերը:
Հ.Գ.-2. Տելեգրամյան ալիքների «տեխնոլոգիան» վերածվում է կոնկրետ գլխացավանքի և «տեղեկատվական դիվերսանտի»»: