Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի կողմից նախաձեռնված ՄԻԽ միջնստաշրջանային հանդիպումը՝ նվիրված Ցեղասպանությունների կանխարգելմանը

Փետրվարի 10-ին Ժնևում տեղի ունեցավ Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) միջնստաշրջանային հանդիպումը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից՝ համանուն բանաձևով: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Մեկօրյա հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ՄԻԽ նախագահ Նաժատ Շամիմ Խանը, ՄԱԿ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն:

Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ երկրների, միջազգային կառույցների, ակադեմիական շրջանակների և ոչ կառավարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ: Մասնակիցների կողմից բարձր գնահատվեց Հայաստանի առաջնորդությունը ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում:

Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Հայաստանը նախաձեռնեց ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ առաջին բանաձևը և լծվեց Ցեղասպանության Կոնվենցիայի, մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման գործին»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել