Օրակարգում Պարեկային ծառայության և Ներքին գործերի նախարարության ձևավորումն է. վարչապետին ներկայացվել է ոստիկանության ռեֆորմների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է հետևյալը. «Մենք բազմիցս ասել ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր այս տարվա կարևորագույն անելիքների շարքում են, և այդ համատեքստում ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Մեր օրակարգում է առաջիկայում Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: Զուգահեռ նաև սկսել ենք և այս տարի պետք է արդեն շոշափելիորեն, տեսանելի մեկնարկենք Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Գործընթացն արդեն սկսված է, և այսօր պիտի քննարկենք նաև, թե այս համատեքստում ինչ հրատապ անելիքներ կան, որպեսզի ծրագիրը, որը, ցավոք, պատերազմի պատճառով մի փոքր հետաձգվել է, ավելի չհետաձգվի, և այս տարի կարողանանք, ինչպես պլանավորված է, իրագործել այդ նախագիծը»:

Վարչապետին զեկուցվել է Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքների, այդ թվում՝ ընդունելության արդյունքների և մասնակիցների ընտրության մասին: Մանրամասներ են ներկայացվել կրթական դասընթացի վերաբերյալ, որը, պատերազմով պայմանավորված՝ մի փոքր հետաձգումով, մեկնարկել է 2021թ. հունվարի 18-ից և տևելու է 5 ամիս: Ընտրված դասախոսական կազմն անցել է վերապատրաստում: Ներկայում Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման ծրագիրն ընթացքի մեջ է, որի շրջանակում իրականացվում են տակտիկական կուրսի, կրակային պատրաստականության, առաջնորդության և այլ դասեր: Վերապատրաստման դասընթաց է անցկացվելու նաև ՊԾ ղեկավար կազմի համար: Զեկուցվել է Ծառայության արտաքին տեսքի ապահովման՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր համազգեստի, նոր տեխնիկական և հատուկ միջոցներով հագեցվածության, նոր ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովման աշխատանքների, օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ընթացքի մասին:

Վարչապետը կարևորել է գործընթացի արագ, որակյալ իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին հետևողական աշխատել այդ ուղղությամբ:

Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության կառուցվածքի նախնական մոդելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել