Որո՞նք են ամուսնությունը լուծելու և ամուսնությունն անվավեր ճանաչելու տարբերությունները

Ամուսնությունը կարող է դադարել մի քանի եղանակով. դրանցից առավել հայտնին ամուսնությունը լուծելն է:

Կողմերը, գտնելով, որ իրենց հետագա համատեղ կյանքն անհնար է, կարող են համատեղ դիմում ներկայացնել ամուսնությունը գրանցած ՔԿԱԳ տարածքային բաժին և լուծել իրենց ամուսնությունն արտադատական կարգով:

Ամուսնությունը կարող է լուծվել նաև դատական կարգով, եթե.

ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.

բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.

գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ:

Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:

Ամուսնությունը լուծելուց հետո ամուսինների միջև բաժանվում է համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը՝ որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:

Իսկ ինչպե՞ս է անվավեր ճանաչվում ամուսնությունը:

Նախ և առաջ պետք է նշել, որ ամուսնությունն անվավեր է ճանաչվում ոչ թե ամուսինների համաձայնությամբ կամ նրանց կամքով, այլ հաճախ նրանց կամքին հակառակ, ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը չի համարվում նրանց ընդհանուր համատեղ սեփականությունը, ինչպես նաև ամուսնությունն անվավեր կարող է ճանաչվել ինչպես ամուսինների կենդանության, այնպես էլ նրանց մահից հետո:

Եթե ընդհանրացնենք, ամուսնությունը լուծելիս առաջանում են իրավական հետևանքներ, իսկ անվավեր ճանաչելիս վերականգնվում է նախկին վիճակը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել