Այո, ավագանին սահմանված ընթացակարգով և անհրաժեշտ ձայների առկայությամբ կարող է անվստահություն հայտնել քաղաքապետին:
Այսպես` ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել Քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է Ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես Քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է Քաղաքապետին, ինչպես նաև Խմբակցություններին: Խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց անդամներին:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` երեսունվեց ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը ևս կարող է ներկայացնել Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով Քաղաքապետի այլ թեկնածու:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է Ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է Քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է Ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Գործող Քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր Քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել Քաղաքապետի լիազորություններն ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:
Աղբյուրը` Իրավաբան.net