Հայաստանի Հանրապետության օրհներգը

Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:

 Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի  օրենքի հավելվածով հաստատված երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ:

 Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր կատարվում է`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման արարողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելիս.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ պաշտոնական և հանդիսավոր արարողությունների ժամանակ.

գ) Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացման և փակման ժամանակ.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելիս.

ե) օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում առավոտյան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, և երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ, ինչպես նաև զինվորական կանոնագրքերով և կանոնադրություններով նախատեսված այլ դեպքերում.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններում՝ անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը ազդարարելիս.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ:

 Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ.

բ) պետական տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ժողովների ժամանակ.

գ) հուշարձանների, հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ:

Օրհներգի կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել