ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանն այսօր ասել է, որ ադրբեջանական կողմի ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, արտահայտվում անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ:
«Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի եւ միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար»,- ասել է ԱԳ նախարարը։
Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է նաեւ Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների՝ Արցախի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման, քաղաքացիական բնակչության եւ ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի, գլխատումների եւ սպանությունների մասին:
«Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը եւ Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը եւս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Հանդիպման ընթացքում երկուստեք վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: