Կովկասի գերուհու քեաիրավական որակումը կամ Սաախովի մեղադրական եզրակացությունը

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից նկարահանված կատակերգական ժանրի ֆիլմ է` մասնակցությամբ հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի` ով հանդես է գալիս Նինայի քեռու դերում, և տարօրինակ եռյակի` Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը` հիմար-վախկոտ-փորձառու):

Բարի և միամիտ Շուրիկը, ով մարդաբանություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Կովկաս` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում Նինային, ում քեռին, առանց նրա իմացության, որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին:

Աղջկան, ըստ հին կովկասյան ավանդույթի, պետք փախցնեին: Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին եռյակին, որը, սակայն, չի կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը` Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ:

Շուրիկը փախցնում է Նինային` առանց գիտակցելու, որ իր կատարած արարքը հանցագործություն է:

Նշված հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածը սահմանում է պատիժ` այն է` խաբեության,վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտառևանգելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Իսկ ո՞վ է համարվում նշված հանցագործության կատարողը, ո՞վ` կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:

Անդրադառնանք նրանցից յուրաքանչյուրին:

Նախ, պարզենք, թե քրեաիրավական տեսանկյունից ո՞վ է համարվում կատարող:

«Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Նշված ֆիլմում հանցագործությունը պետք է կատարեր Չաղ-Ցանցառ-Նիկուլին եռյակը, սակայն նշված հանցավոր խմբի կողմից հանցագործությունն ավարտի չի հասցվում իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Նշված խմբի կողմից կատարված արարքի քրեաիրավական որակումը հստակ է. կատարվածը պետք է որակել որպես հանցափորձ:

Ի վերջո պլանավորված հանցանքը կատարվում է. Նինային առևանգում է Շուրիկը` փաստորեն անմիջականորեն կատարելով հանցագործությունը, բայց…

Շուրիկի կատարած արարքը չի կարող հանցագործություն համարվել, քանզի բացակայում է հանցագործության սուբյեկտիվ կողմը` մեղքը, իսկ օբյեկտիվ մեղսայնացումը՝ առանց մեղքի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվությունը,արգելվում է (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 9):

Բայց հանցագործությունը փաստորեն կատարվել է, ուրեմն ով է ի վերջո կատարողը:

«Կատարողն» ըստ էության հանդիսանում է Նինայի քեռին` անվանի դերասան Մհեր Մկրտչյանը, քանզի նա, օգտագործելով Շուրիկի միամտությունը, վերջինիս հավաստիացնում է, որ Նինան է խնդրել, որ Շուրիկն իրեն փախցնի, և որ դա կովկասյան հին ավանդույթ է:

Իսկ ո՞վ է կազմակերպիչը: Հանցագործության «կազմակերպիչը» Սաախովն է, ով, ցանկանալով ամուսնանալ Նինայի հետ, կազմակերպում է վերջինիս առևանգումը:

Ամփոփելով կարելի է ասել, որ վերը նշված ավարտված հանցագործության համար մեղադրանք պետք է առաջադրվի Մհեր Մկրչտյանի կերտած Նինայի քեռու կերպարին և պարոն Սաախովին:

Հ. Գ. Ֆիլմի քեաիրավական որակմանը խնդում ենք հումորով մոտենալ:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել