Հայրն ու մայրը ոսկեղեն և այլ շարժական գույք են պահանջում հանգուցյալ աղջկա ամուսնուց

Շուռա Գապրալյանը և Ռայա Գասպարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Մելսիկ Նազարյանի` ժառանգությունն ընդունած ժառանգների միջև շարժական գույքը և ոսկյա զարդերը բաժանելու պահանջի մասին:

Հայցվորները դատարանին հայտնել են, որ 06.08.2010թ թիվ ԱՐԴ1/0836/02/09 վճռով և 18.11.2010թ ՀՀ Վերաքննիչ Քաղաքացիական դատարանի որոշմամբ ճանաչվել է իրենց ժառանգության իրավունքը Էջմիածին քաղաքի Սպանդարյան 28ա շենքի 26բն.-ի 2/3 բաժնեմասի նկատմամբ, որը պատկանելիս է եղել իրենց դստերը` հանգուցյալ Անահիտ Գաբրիելյանին, սակայն շարժական գույքի և նրան պատկանող ոսկյա զարդերի մասով բաժանում չի կատարվել։

Խոսքը վերաբերում է հանգուցյալ Անահիտ Գաբրիելյանին պատկանող` Սպանդարյան 28ա շենք 26 բն-ում եղած շարժական գույքին, որը հանգուցյալը ձեռք է բերել իր և իր ծնողների օգնությամբ մինչ իր ամուսնանալը պատասխանողի հետ և այդ նույն հիմքով նաև ոսկյա զարդերին։

Հյացվորների դուստրը` Անահիտ Գաբրիելյանը, Սպանդարյան 28ա շենք 26 բն-ը ստացել է դեռևս 1988թ-ից և այն կահավորվել է իր և ծնողների միջոցներով, նա բնակվելիս է եղել միայնակ մինչ պատասխանողի հետ ամուսնանալը։

Հայցվորները դատարանից խնդրել են ժառանգական գույք հանդիսացող Էջմիածին քաղաքի Սպանդարյան 28ա շենք 26 բն-ի նախկին սեփականատեր` հանգուցյալ Անահիտ Գաբրիելյանին պատկանող` շարժական գույքի և ոսկյա զարդերի 2/3 բաժնեմասը հատկացնել իրենց:

Հայցվորներն իրենց պահանջում շարադրել են հետևյալ միտքը. «Մեր պահանջը շարժական գույքի և զարդերի մասով չի վերաբերում այն շարժական գույքին և զարդերին, որը ձեռք է բերվել պատասխանողի և մեր հանգուցյալ դստեր համատեղ կյանքում ձեռք բերված գույքին, զարդերին»։

Պատասխանողը, որը հանդիսացել է հանգուցյալի ամուսինը, դատարանին հայտնել է, որ հայցվորների կողմից ցուցակում թվարկված բոլոր իրերը թանկարժեք իրեր և պերճանքի առարկաներ չեն և հանդիսանում են իմ անհատական օգտագործման գույքը։

Արդյո՞ք պետք է Անահիտ Գաբրիելյանին պատկանող շարժական գույքի և ոսկյա զարդերի 2/3 բաժնեմասը հատկացնել հայցվորներին։

Պատասխանելով այս հարցին` դատարանը նշել է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2010 թվականի վճռով կողմերը ճանաչվել են Անահիտ Շուռայի Գաբրիելյանի ` Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի 28 ա շենքի թիվ 26 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։

Տվյալ դեպքում ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր կողմը և նա էլ կրում է փաստի ապացուցման բացասական հետևանքները։

Դատարանը, հաշվի առնելով, որ հայցվորները որևէ ապացույց չեն ներկայացրել` ապացուցելու համար իրենց դիրքորոշումը և պահանջը, գտել է, որ հայցը ենթակամ է մերժման:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել