Դատարանը հաստատեց, որ բնակարանը կողմերը ձեռք էին բերել համատեղ ամուսնության ընթացքում

Հայցվոր Աննա Համբարձումյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կարեն Սարգսյանի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

Հայցվորի ներկայացուցիչ Վ. Դանիելյան դատարան հայտնել է, որ Կարեն Սարգսյանը և Աննա Համբարձումյանը 26.11.2004թ. սկսած գտնվում են գրանցված ամուսնության մեջ: Համատեղ ամուսնությունից ունեն մեկ անչափահաս երեխա: Ամուսնության սկզբնական շրջանում բնակվել են պատասխանողի ծնողների տանը, հետագայում տեղափոխվել են ք. Երևան և բնակվել վարձով, իսկ 20.10.2009թ. թիվ 2013 նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի և ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղի հետ կնքված գրավի պայմանագրով, նախապես կատարելով 10.000.000 ՀՀ դրամի նախավճար` 18.000.000 ՀՀ դրամով գնել են Երևան քաղաքում բնակարան` բանկին պարտք մնալով 8.000.000 ՀՀ դրամ, և այնտեղ բնակվել են միասին: Բնակարանը համատեղ կյանքի ընթացքում գնելու հանգամանքի դեմ պատասխանողը չի առարկել: Նշված պայմանագիրը օրենքով սահմանված կարգով ենթարկվել է պետական գրանցման և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից 22.10.2009թ. տրվել է թիվ 2369507 սեփականության իրավունքի վկայականը: Չնայած այն հանգամանքին, որ հայցվորն օրենքի ուժով հանդիսանում է Երևան քաղաքի նշված բնակարանի սեփականատերը և իր անունը նույնպես պետք է գրառվեր սեփականատերերի ցանկում, սակայն իրեն անհայտ հանգամանքներում այն չի գրառվել:

Հայտնել է նաև, որ բնակարանի գնմանն աջակցել է հայցվորի հայրը: Բնակարանը գնելուց հետո և դրանից առաջ վարձով բնակվելու ժամանակ գնել են սառնարան, լվացքի մեքենա, ճաշասենյակի կահույք, փափուկ կահույք, դաշնամուր, սեղան, մսաղաց, սպասք և այլն, ինչպես նաև փոխել են նոր բնակարանի պատուհանները և կատարվել է բնակարանային պայմանների բարելավում:

Ընտանեկան անախորժությունների պատճառով հայցվորը դադարեցրել է պատասխանող Էդիկ Պապիկյանի հետ ամուսնական հարաբերությունները և երեխայի հետ հեռացել նրանից: Ներկայումս երեխայի հետ բնակվում է իր ծնողների տանը: Տանից հեռանալուց հետո հաջորդ օրը, հայցվորը գնացել է իրեն պատկանող իրերը վերցնելու, սակայն չի կարողացել, քանի որ պատասխանողը դիտավորությամբ փոխել է դռան փականը:
Խնդրել է լուծել հայցվորի և պատասխանողի ամուսնությունը և ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը կողմերի համատեղ գույքի նկատմամբ:

Դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցչը դատարանին հայտնեց, որ կողմերը փաստացի ամուսնալուծվել են, միասին համատեղ կյանք և տնտեսություն չեն վարում, ընդունում են հայցապահանջը ամուսնալուծության մասով, իսկ մնացած մասով առարկում են հայցի դեմ:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի`
1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

2. Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

3. Անհատական օգտագործման գույքը /հագուստը, կոշիկը և այլն/, բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

4. Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը /հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն/, եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:

5. Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա՚:

Դատաքննությամբ հաստատվել է, որ Երևան քաղաքում գտնվող բնակարանը կողմերը ձեռք են բերել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածով` դատարանը հանգել է այն հետևության, որ պետք է ճանաչել հայցվորի համասեփականության իրավունքը նույն բնակարանի նկատմամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել