ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածալ ռազմական գործողությունների համատեքստում հիշեցրել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը խոսել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:
«ՄԻԵԴ-ն ունի կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ որոշումներ` Ադրբեջանի դեմ: Եկեք դիտարկենք Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը, որը հայ սպայի հետ միասին մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հայ սպան Սաֆարովի կողմից սպանվեց կացնով` քնած ժամանակ: Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է հակահայկական քարոզչություն և այդ դեպքը դրա հետևանքներից մեկն է: Այն տեղի է ունեցել Հունգարիայիում: Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման: Բանտում 8 տարի անցկացնելուց հետո Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ Ալիևը նրան ազատ արձակելու որոշում ընդունեց և համազգային փառաբանության գործընթաց սկսեց: Այս մեկ դրվագը նկարագրում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այսօրվա իրադարձությունների կոնտեքստը կարող է բացատրվել սրանով: Այսօր բազմաթիվ Ռամիլ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա»,- նշել է Փաշինյանը:
2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:
Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ: