Հայցվորը Ս. Ավդալյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ 2004թ-ի սեպտեմբերի 14-ից աշխատել է Բագրավանի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ։ Դպրոցի տնօրենը ապօրինի կարգով իրեն ազատել է աշխատանքից, սակայն դատարանի վճռով վերականգնվել է նախկին աշխատաքին և 20.02.2006թ-ին ԴԱՀԿ ծառայության միջամտությամբ իր և դպրոցի միջև կնքվել է աշխատանքային պայմնագիր։
20.02.2006թ-ին դպրոցի տնօրենին դիմել է խնդրանքով, որ իրեն արձակուրդ տրամադրի, ըստ հայցվորի` տնօրենը իրեն տրամադրել է արձակուրդ։ Արձակուրդը լրանալուց հետո հայցվորը ներկայացել է դպրոց, սակայն դպրոցի տնօրենը իրեն արգելել է դպրոց մտնել և բոլոր հնարավոր և անհանարին միջոցներով հայցվորին դպրոցից հեռու է պահել։ Բանը հասել է նրան, որ տնօրենի կարգադրությամբ իրեն ծեծի են ենթարկել և հայցվորը ստիպված դիմել է իրավապահ մարմիններին՝ իր անվտանգությունը ապահովելու նպատակով։ Որից հետո տնօրենը հայտարարել է, որ ինքը աշխատանքից ազատված է` համաձայն 10.04.2006թ-ի թիվ 1 հրամանի։
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին կետի` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը /փաստաթուղթը/ ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան։
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին կետի` հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է, իսկ համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի` նույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ։
Համաձայն նույն հոդվածի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում։
ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով 03.12.2010 թվականին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը չի կարգավորում մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանության հարցը, սակայն հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դրանով սահմանված ժամկետն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն։ Հետևաբար, այդ ժամկետն իր բնույթով համապատասխանում է հայցային վաղեմության ժամկետին։
Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարունակում հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ որևէ դրույթ, ուստի աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ։ Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը։ Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար։
Աշխատանքից ազատելու հրամանը Ս. Ավդալյանին ՀՀ Վարչական դատարանի վճռի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունը առձեռն հանձնել է 17.02.2011թ–ին: Այս փաստը հաստատվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության 03.06.2011թ. թիվ ՇԴ3/0096/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռով: Ս. Ավդալյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմել է 22.03.2011 թվականին: Այսպիսով, Ս. Ավդալյանը արդեն իսկ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմել է մեկամսյա ժամկետի խախտումով, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2011թ. թիվ ՇԴ3/0096/02/11 քաղաքացիական գործով կայացված վճիռ մտել է օրինական ուժի մեջ 23.12.2001թ., իսկ հայցվորը աշխատանքից ազատման հրամանը անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը դատարան ներկայացրել է 12.04.2012թ., որով խախտել է իր իրավունքների պաշտպանության համար նախատեսված ժամկետները:
Տվյալ դեպքում դատարանը, նկատի ունենալով, որ Սուրեն Ավդալյանը իր իրավունքների պաշտապանության հայցով դատարան է դիմել 12.04.2012 թվականին, այսինքն` բաց է թողել դատարան դիմելու ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը, հանգել է հետևության, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետի լրանալը հիմք է Ս. Ավդալյանի հայցը մերժելու համար:
Հետևաբար դատարանը գտնում է, որ սույն հիմքով Սուրեն Ավդալյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզի <<Բագրավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի` աշխատանքից ազատման հրամանը անվավեր ճանաչելու պահանջի մասին ենթակա է մերժման: Դատարանը նման պայմաններում գտել է, որ չպետք է անրադառնալ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանի իրավաչափության և հրամանի օրինականության հարցերին:
Աղբյուրը` Իրավաբան.net