Վտարվեցին բնակարանից

Քնարիկ Թահմազյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Սուսաննա Ալիխանյանի, Դավիթ Թահմազյանի, անչափահասներ Աննա Թահմազյանի, Զարուհի Թահմազյանի օրինական ներկայացուցիչ Սուսաննա Ալիխանյանի` բնակարանից վտարելու պահանջի վերաբերյալ:

Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ 15.11.1975 թվականին Ավետիս Բարզանքյանն իրեն պատկանող գույքն ամբողջությամբ, հավասար բաժիններով կտակել է քաղաքացի Աիրանուշ Պարզանքյանին և Կարեն Կարապետի Թահմազյանին: Կտակը վավերացվել է նոտարական կարգով և գրանցվել թիվ 2-22916 սեղանամատյանի համարի տակ:

06.10.2006 թվականին Կարեն Թահմազյանը նոտարական կարգով լիազորագիր է տվել Դավիթ Թահմազյանին իր փոխարեն նրա ուզած գնով և պայմաններով վաճառել Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 17 բնակարանը, կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, ստանալ վաճառքից գոյացած գումարը, հանդես գալ նոտարական գրասենյակներում, անշարժ գույքի կադաստրում, թաղապետարանում, քաղաքապետարանում, կնքել պայմանագրեր:

08.02.2012 թվականին Դավիթ Թահմազյանի և Քնարիկ Թահմազյանի միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, համաձայն որի` Դավիթ Թահմազյանը /Նվիրատու/ Քնարիկ Թահմազյանին /Նվիրառուի/ որպես անհատույց սեփականություն հանձնում է իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 17 բնակարանը: Պայմանագրի 1.1 կետում նշված գույքի հետ փոխանցվում է նաև Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի 20 շենքի տակ գտնվող հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների` բաժնային սեփականության իրավունքով նվիրատուին պատկանող մասը` համաձայն ՙՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի:

Գործի քննությամբ հիմնավորվեց, որ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 17 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Քնարիկ Թահմազյանին:

Հիմնավորվեց նաև, որ պատասխանողները, չունենալով նշված բնակարանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված գրանցված օգտագործման իրավունք, բնակվում են Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 17 բնակարանում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14 հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականցվում է` իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Տվյալ դեպքում, հայցվորը չի կարողանում իր սեփականությունը հանդիսացող գույքը` բնակարանը տիրապետել, օգտագործել և տնօրինել իր հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274 հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերը նշված հոդվածների ուժով դատարանը գտնել է, որ պատասխանողներ Սուսաննա Ալիխանյանին, Դավիթ Թահմազյանին, անչափահասներ Աննա Թահմազյանին, Զարուհի Թահմազյանին պետք է վտարել Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 17 բնակարանից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել