Շենքում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, վերջինիս հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ծառայողներից: Հայկ Գրիգորյանը ղեկավարում է քննչական խմբի կողմից կատարվող աշխատանքները:

Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել