Նոտար Ալվարդ Մելքոնյանի դեմ բերված բողոքը դատարանը մերժեց

Աստղիկ Գյուրջինյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա. Մելքոնյանի, երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, Անուշ Դավթյանի, Գևորգ և Մելանյա Սիրադեղյանների` Անուշ Դավթյանի, Գևորգ և Մելանյա Սիրադեղյանների անվամբ 10.02.2010թ. տրված Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 23 հասցեում գտնվող 308քմ հողամասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալուն ուղղված գործողությունները և 10.02.2010թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին։

Աստղիկ Գյուրջինյանը հայտնել է, որ 1963թ.-ից զբաղեցնում է Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 23 հասցնի 25քմ բնակելի և մոտ 20.9քմ այլ մակերեսով տարածքները: Որպես իր տուն մուտք ու ելքի, ինչպես նաև կոմունալ հարմարություններից օգտվելու ճանապարհ նրա կողմից օգտագործվել և օգտագործվում է Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 23 հասցեում գտնվող ընդհանուր բակը։

Աստղիկ Գյուրջինյանի ընտանիքն այդ կառույցներում հաշվառված, այսինքն օրինական կարգով բնակվում է 1965թ.-ից, իսկ կառույցներն էլ 1978թ. վճռով պետականացվել, հետևաբար նաև օրինականացվել են ու հանձնվել Լենինյան շրջգործկոմի տնօրինությանը, Կուրինյանի ընտանիքին կրկին թույլատրվել է շարունակել բնակվել այդտեղ։

ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից 10.02.2010թ. հաստատված թիվ 562 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Մեխակ Գևորգի Սիրադեղյանի, մահացած 19.02.2008թ., գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում կինը` Անուշ Բախշոյի Դավթյանը, որդին` Գևորգ Մեխակի Սիրադեղյանը, դուստրը` Մելանյա Մեխակի Սիրադեղյանը, որոնք հաշվառված են ք. Երևան, Վ. Շենգավիթ 2-րդ փող., 23 տանը։

Տվյալ դեպքում հայցվորը դիմել է ՀՀ վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել Անուշ Դավթյանի, Գևորգ և Մելանյա Սիրադեղյանների անվամբ 10.02.2010թ. տրված Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 23 հասցեում գտնվող 308քմ հողամասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալուն ուղղված գործողությունները և 10.02.2010թ. տրված ժառանգության իրավունքի վկայագիրը։

Դատարանի գնահատմամբ, 10.02.2010թ. Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 23 հասցեում գտնվող 308քմ հողամասի նկատմամբ Անուշ Դավթյանի, Գևորգ և Մելանյա Սիրադեղյանների անվամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալուն ուղղված նոտար Ա.Մելքոնյանի գործողությունները իրավաչափ են, նոտարի կողմից պահպանվել են վերը նշված իրավանորմերի պահանջները, և որ սույն վեճի պարագայում բացակայել են «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածով սահմանված նոտարական գործողությունների կատարումը մերժելու հիմքերը, ուստի և բացակայում է նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից 10.02.2010թ. Անուշ Դավթյանի, Գևորգ և Մելանյա Սիրադեղյանների անվամբ տրված ժառանգության վկայագիրը անվավեր ճանաչելու օրենքով սահմանված հիմքերը։

Դատարանը վճռեց Աստղիկ Գյուրջինյանի հայցը մերժել։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Աստղիկ Գյուրջինյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել