Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի. Կայանալիք դատական նիստի մասին

2013 թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի քննություն՝ ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը պատշաճ լիազորագիր չէր ունեցել, մասնավորապես, լիազորագիրը վավերականության ժամկետ չէր պարունակել:

Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից՝ հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել:

Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:

www.aravot.am և www.lragir.am լրատվական միջոցների լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

«Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել»,- նշված է հայցադիմումի մեջ:

Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաև ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել