Փոփոխություններ կլինեն դպրոցներում «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Պար» առարակների հետ կապված

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ «Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառը ներառում է 5 ուսումնական առարկա և (կամ) ինտեգրված դասընթաց՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական, միջին և ավագ կրթական աստիճաններում՝ առանձին և ինտեգրված ծրագրերով։ Դրանք կազմվել են չափորոշչային պահանջներին համապատասխան՝ ըստ սովորողների տարիքային առանձնահատկությունների:

Առաջարկվում է`

  • «Երաժշտություն» (1-12-րդ դաս.),
  • «Կերպարվեստ» (1-12-րդ դաս.),
  • «Պար»,
  • «Թատրոն»,
  • 7-12-րդ դասարաններում առանձին առարկայական ծրագրերով` «Դեկորատիվ կիրառական արվեստներ» (բրուտագործություն, խեցեգործություն, փայտի գեղարվեստական մշակում, գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, տարազ, ապակու գեղարվեստական մշակում, ոսկերչություն, արծաթագործություն, ընտրությունը՝ ըստ տարածաշրջանի ավանդույթների և հետաքրքրությունների),
  • 7-12-րդ դասարաններում «Արվեստ» ինտեգրված (պար, թատրոն, երաժշտություն, կերպարվեստ, ԴԿԱ, լուսանկար, նորաձևություն, դիզայն և այլն)։

Գործող չափորոշչով «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առանձին առարկաներն ուսումնասիրվում են 1-7-րդ դասարաններում, ընդ որում՝ 6-րդ և 7-րդ դասարաններում ուստարին կիսվում է երկու առարկաների միջև, ինչն անարդյունավետ է և թանկարժեք ուսումնական ժամանակի կորուստ։

5-7-րդ դասարաններում «Ազգային երգ ու պար» առարկան՝ որպես փորձարկվող առարկա, դասավանդվում է՝ կիսով չափ ինտեգրված «Երաժշտություն» առարկային և առանձին։ Դպրոցների մի մասում առարկան դասավանդում են տարբեր առարկաների ուսուցիչներ, որի արդյունքում հաճախ առարկայի դասավանդումը դժվարանում է կամ չի հաջողվում։

Գործող չափորոշիչներով հանրակրթությանն առաջարկվում են ԿԳՄՍՆ-ի երաշխավորած «Արվեստի պատմություն», «Մշակույթի պատմություն» և «Արվեստ» առարկայական ծրագրերը՝ որպես ընտրովի և ոչ պարտադիր։ Երկար տարիներ այս բնագավառի առարկաները հիմնականում անտեսված են եղել և հաջողություն չեն գրանցել հանրակրթական դպրոցներում։

Առաջարկվող նախագծերում ներառված են այս պահին գործող առարկայական ծրագրերի բովանդակային և թեմատիկ բոլոր բաղադրիչերը։ Որոշ թեմաներ տեղաշարժվել են՝ հաշվի առնելով միջառարկայական ինտեգրումը և ուսուցիչների մասնագիտական կարծիքը (ամենամյա մշտադիտարկման հիմքով)։

Նոր չափորոշչով առաջարկվող անհատական բաղադրիչի շրջանակում հանրակրթական հաստատություններում գործելու են կերպարվեստի, ԴԿԱ և թատերային խմբակներ, երգչախմբեր, պարային համույթներ։ Առաջարկվող կրեդիտային բաղադրիչը ավագ դպրոցների սովորողներին հնարավորություն կտա «Արվեստ և արհեստ» բնագավառի մասնագիտություններն ուսումնասիրել նաև հանրակրթությունից դուրս։

Նոր չափորոշիչներով նախատեսված է ազգային ծեսերն ու պարերը ամբողջությամբ ուսումնասիրել «Երաժշտություն» առարկայի 4-րդ և 7-րդ դասարանների ծրագրերով, եթե կլինեն դպրոցներ, որտեղ չի դասավանդվի առանձին «Պար» առարկան։

«Արվեստ-արհեստ» բնագավառի ինտեգրված դասընթացները հնարավորություն են տալիս հաղորդակցվել արվեստին ազգային, ավանդական, դասական, ժամանակակից և ձևավորվող նոր ուղղությունների տեսանկյունից՝ արդեն ծանոթ միջոցները, նյութերն ու մոտեցումները կիրառելով ուսումնասիրությունների մեջ: Ժամանակակից մարտահրավերները նոր խնդիրներ են ձևավորում ուսումնական բոլոր բնագավառների համար: Արվեստի առարկայախմբի ուսումնական ծրագրերը կառուցված են «ստեղծագործության» շուրջ գիտելիքների, կարողությունների և հմտությունների, վերաբերմունքի, արժեքների ձևավորման, զարգացման և կատարելագործման սկզբունքով, որտեղ սովորողը հանդես է գալիս որպես գրագետ ստեղծագործող, հանդիսատես և արվեստաբան:

Տարրական դպրոցի ավարտին, որպես ձևավորող գնահատման արդյունավետ տարբերակ, առաջարկվում են «Մայրենի», «Ֆիզիկական կուլտուրա», «Տեխնոլոգիա» և «Արվեստ-արհեստ» բնագավառների բոլոր առարկաների ինտեգրված ստուգատեսներ՝ ազգային ծեսերի, տարազի պատրաստման, մարզախաղերի, ցուցահանդեսների, համերգների միջոցով, ինչը յուրահատուկ տոն կպարգևի սովորողներին։

Հանրային քննարկումների ընթացքում ստացել ենք առաջարկություններ՝ հիմնականում նոր թեմաների ընդգրկման վերաբերյալ։ Բոլոր առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն։

«Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառի միջոցով ապահովվում է աշակերտի գեղարվեստական կրթությունը և գեղագիտական դաստիարակությունը, մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտումն ու զարգացումը։ Սա իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել