Ընկերությունը չառարկեց հայցապահանջի դեմ

Քանաքեռ-Զեյթունի ՀՏ-ն հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Աիդա-Վաթսունմեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ հիմք ընդունելով ընկերության կողմից «Շահութահարկի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումները, որոնց հետևանքով նրա մոտ առաջացել են պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ապառքի և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքի գծով, ընդհանուր՝ 1.902.400 դրամի չափով:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է նաև պատասխանողի կողմից հայցվորի ներկայացրած փաստերի դեմ առարկություններ չներկայացնելու հանգամանքը։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում։ Քանի որ պատասխանողը սույն գործի քննության որևէ փուլում չի վիճարկել հայցվորի ներկայացրած փաստերը, դատարանը գտնում է, որ դրանք հաստատված են։

Այսպիսով, դատարանը եզրահանգում է, որ պետական բյուջեի նկատմամբ Ընկերության ունեցած պարտքը կազմում է ընդհանուր առմամբ 1.902.400 դրամ, այդ թվում ապառքը` 387.300 դրամ, տույժը` 134.000 դրամ, տուգանքը` 1.381.100 դրամ։

Դատարանը վճռեց հայցը բավարարել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ՀՀ վարչական դատարանի վճիռը թողեց անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել