Ե՞րբ է արձակվում վճարման կարգադրությունը

Որոշակի դրամական պահանջներով թույլատրելի է վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթ՝ ստորև նշված կարգով: Պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա:

Կարգադրության վարույթ թույլատրելի չէ, երբ`
1) դրամական պահանջը կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ.
2) ներկայացված պահանջի հիմքում ընկած է վարկային պայմանագիրը, և նախատեսված տոկոսադրույքը պայմանագրի կնքման պահին եղել է ավելի, քան օրենքով սահմանված տոկոսադրույքը:

Դատարան ներկայացվող դիմումը պետք է ուղղակիորեն պարունակի պահանջ վճարման կարգադրություն արձակելու մասին և ներառի հետևյալ տվյալները.
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
2) կողմերի անունները (անվանումները), հասցեները (գտնվելու վայրը).
3) հիմնական և լրացուցիչ պահանջների հիմքը և չափը` առանձին-առանձին.
4) պահանջը հաստատող ապացույցները.
5) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են.
6) դիմում ներկայացնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի ստորագրությունը:

Եթե դիմումը ստորագրված է դիմողի օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի կողմից, ապա դիմումին կցվում են նաև վերջիններիս ներկայացուցչությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Եթե պարտավորությունն ապահովված է գրավով, և դիմումատուն ցանկանում է հանդես գալ որպես գրավով ապահովված պարտատեր, ապա դիմումին պետք է կցվի նաև գրավի պայմանագիրը:
Դիմումը և կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից:

Վճարման կարգադրություն արձակելու գործն ընդդատյա է միայն պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության դատարանին:
Դատավորը պարտավոր է դիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ձեռնարկել հետևյալ գործողություններից մեկը.
1) արձակել վճարման կարգադրություն.
2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը.
3) մասամբ մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը՝ մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել