ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են վստահությունը չարաշահելու եղանակով «Յունիբանկ» ԲԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության տնօրենը, 2013թ. հունվարի 30-ին, իր ղեկավարած ՍՊԸ-ի և «Յունիբանկ» ԲԲ ընկերության միջև կնքված գլխավոր վարկային պայմանագրի և նշված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերի հիման վրա, բանկից 2013-2014թթ. ընթացքում ստացել է ընդհանուր առմամբ 299.151.120 ՀՀ դրամին համարժեք 760.000 ԱՄՆ դոլար վարկ՝ բանկին որպես գրավ հանձնելով ՀՀ տարածքում գտնվող մի քանի անշարժ գույք:
Այնուհետև՝ 2016թ. փետրվարի 23-ին ընկերության տնօրենը դիմել է բանկ՝ խնդրելով գրավադրված գույքերից Երևան քաղաքի Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակելի տան փոխարեն որպես գրավ հանձնել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող համապատասխան արժեքով անշարժ գույքը:
Ստանալով «Յունիբանկ» ԲԲ ընկերության համաձայնությունը՝ վերջինս նշված ընկերությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ, խաբեության եղանակով գնահատմանն է ներկայացրել ոչ թե Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի՝ իրեն պատկանող վերոհիշյալ անշարժ գույքը, այլ նույն շենքում գտնվող համարժեք մակերեսով, անհամեմատ ավելի բարձր արժեք ունեցող անշարժ գույքը: Արդյունքում՝ Բանկի և ՍՊԸ-ի միջև 2016թ. հուլիսի 4-ին կնքված անշարժ գույքի հիպոթեքի պայմանագրով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող՝ փաստացի 25.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեք ունեցող անշարժ գույքը 46.000.000 դրամ լիկվիդացիոն արժեքով գույքի փոխարեն հանձնվել է բանկին որպես գրավ՝ «Յունիբանկ» ԲԲ ընկերությանը խաբեության եղանակով պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 21.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: