Ուղևորի կողմից ամրագոտի չկապելու համար վարորդը տուգանվեց

Գ.Անդրիասյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

27.06.2012թ. ՃՈ-ի կողմից կազմվել է թիվ ԱԷ 000917 վարչական ակտը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենգրքի 123.3-րդ հոդվածով` անվտանգության գոտիները չամրակապած ուղևոր փոխադրելու համար, Գ.Անդրիասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի 14.07.2012թ. գրությամբ Գոռ Անդրիասյանին հայտնվել է, որ թիվ ԱԷ 000917 վարչական իրավախախտման արձանագրության հիման վրա կայացված որոշումը թողնվել է անփոփոխ, քանի որ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի` անվտանգության ամրագոտիները չամրակապած ուղևոր փոխադրելն առաջացնում է տուգանքի նշանակում 5.000 դրամի չափով։

Դատարանի վերլուծությամբ՝ անձը վարչական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն իրավախախտում կատարելու դեպքում, հետևաբար, վարչական վարույթն իրականացնող մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել, թե արդյոք առկա է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու բավարար հիմք, այն է՝ իրավախախտման դեպք, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, այսինքն, առկա է վարչական իրավախախտման կազմ։
Սույն գործով հաստատված փաստերի համաձայն` հայցվոր Գոռ Անդրիասյանը տեղափոխել է անվտանգության ամրագոտին չամրակապած ուղորի։ Տվյալ փաստն ընդունում է հայցվորը, սակայն վերջինիս պնդմամբ, ինքը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, քանի որ առկա չէ իրավախախտում։

Դատարանի գնահատմամբ անհիմն է հայցվորի վերը նշված փաստարկը՝ հաշվի առնելով, որ ինչպես նշվեց վերը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն նաև անվտանգության գոտին չամրակապված վիճակում ուղևոր փոխադրելու համար, այսինքն, տվյալ դեպքում առկա է վարչական իրավախախտման դեպքը, որը կարող էր դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ։

Վարչական դատարանը գտավ, որ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են, քանի որ կայացված վարչական ակտով չեն խախտվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, իսկ հայցվորի վկայակոչած փաստերը չեն կարող հիմք հանդիսանալ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար։

Ուստի դատարանը վճռեց Գ.Անդրիասյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 27.06.2012թ. թիվ ԱԷ 000917 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել