Ի՞նչ կլինի, եթե պարտավորությունը կազմի 105 դրամ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա/Ձ Ա.Մակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։

Հայցվոր կողմը դիմելով դատարան, հայտնել է, որ Ա/Ձ Ա.Մակյանը հանդիսանում է ՀՀ գրանցված տնտեսավարող սուբյեկտ և ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարող։ Պատասխանողը օրենքով սահմանված ժամկետներում չի կատարել պետական բյուջեի հանդեպ պարտավորությունները, որի հետևանքով ժամանակին չվճարված պարտքը կազմում է՝ 535.505 դրամ։ Նշված պարտավորությունները առաջացել են պարտադիր սոցիալական ապահովության վճարների, հաստատագրված վճարի գծով, այդ թվում հաստատագրված վճարի գծով 105 դրամ, որից ապառք՝ 68 դրամ, տույժ՝ 37 դրամ, սոց. վճարի գծով` 535.400 դրամ, որից ապառք` 356.119 դրամ, տույժ` 179.281 դրամ։

Պատասխանողի պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով 01.10.2005թ-ից մինչև 01.02.2012թ. հաշվարկված 372.769 դրամ սոց. վճարից պատասխանողի կողմից կատարվել է 16.650 դրամ վճարում, պակաս վճարելով 372.769 դրամ, որի նկատմամբ հաշվարկվել է տույժ՝ 179.281 դրամ։

Հաստատագրված վճարի 105 դրամ գումարը առաջացել է պատասխանողի կողմից Վարդենիսի ՏՀՏ ներկայացրած 30.06.2005թ. 30 քմ մարկերեսից ոչ ավել առևտրական տարածք ունեցող խանութների, կրպակների, տաղավարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությամբ, որով հաշվարկված ապառքի գումարից պակաս է վճարել 68 դրամ և հաշվարկված գումարները ուշ վճարելու հետևանքով առաջացել է տույժ՝ 37 դրամ։

Պատասխանողի խոսքով՝ 2009 թվականից իր՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցրել է և գործունեություն չի իրականացնում։ Խնդրել է մերժել հայցը։ Միաժամանակ դատարանին է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքը, որով հայտնվում է, որ Ա.Մակյանը Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում անհատ ձեռներեցությամբ չի զբաղվում և 2009թ.-ից մինչ օրս չի բնակվում Սոթք համայնքում։

Դատարանը, հայցվորի կողմից դատարան ներկայացրած պատասխանողի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի, հայտարարության, անձնական հաշվի քարտերի հետազոտման արդյունքում եզրակացնում է, որ պետական բյուջեի նկատմամբ պատասխանողի ունեցած պարտավորությունների չափը 08.02.2012թ. դրությամբ կազմում է 535.505 դրամ, այդ թվում հաստատագրված վճարի գծով 105 դրամ, որից ապառք՝ 68 դրամ, տույժ՝ 37 դրամ, սոց. վճարի գծով` 535.400 դրամ, որից ապառք` 356.119 դրամ, տույժ` 179.281 դրամ։

Անդրադառնալով պատասխանողի կողմից դատարան ներկայացրած ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանի կողմից տրված Տեղեկանքում նշված տեղեկատվությանն այն մասին, որ պատասխանողը 2009 թվականից դադարեցրել է ձեռնարկատիրական գործունեությունը, դատարանը եզրակացնում է, որ նշված տեղեկանքը չի կարող հիմք հանդիսանալ անհատ ձեռնարկատիրոջ կողմից գործունեություն չիրականացնելու փաստը հաստատելու համար, քանի որ հարկային տեսչության կողմից ներկայացված պատասխանողի անձական հաշվի քարտերում հաշվարկները կատարված են մինչև 01.08.2011թ.-ն ներառյալ։

Դատարանը վճռեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ Ա/Ձ Ա.Մակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել։

Դատարանի վճռի հետ համաձայն չլինելով՝ պատասխանողը ներկայումս վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել