Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Հակոբ և Սամվել Մ.-երի:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Հակոբ Մ.-ն ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում 02.11.2012 թ. առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար իր հոր` Սամվել Մ.-ի օժանդակությամբ փորձել է ապօրինի ձեռք բերել զգալի չափի` 0.016 գրամի բուպրենորֆին և 2.44 գրամի չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոցներ:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Համաձայն նույն օրենսգրքի 34-րդ հոդվածի՝ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net