Վարորդն ու տաքսի ծառայությունը կհատուցեն կնոջը պատճառված վնասը

Հայցվոր Շուշիկ Կամավոսյանի ներկայացուցիչ Էդվարդ Ափոյանը հայց է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ 03.02.2012 թվականին՝ ժամը 14։00-ի սահմաններում, պատասխանող Արմեն Հակոբյանը «Տաքսի Մանանդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Դեյու Նեքսիա մակնիշի ավտոմեքենան վարել է Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցից դեպի Մ.Մաշտոց փողոցի կողմը։ Հասնելով Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին և Նալբանդյան փողոցների խաչմերուկին` Ա. Հակոբյանը թույլ է տվել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՃԵԿ-ի 67-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով վրաերթի է ենթարկել հայցվոր Շուշիկ Կամավոսյանին։ Էջմիածնի հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո Հայցվորին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դատքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը խնդրեց Արմեն Հակոբյանից և «Տաքսի Մանանդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից համապարտության կարգով հօգուտ Շուշիկ Կամավոսյանի բռնագանձել 739.820 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար։

Պատասխանողներից «Տաքսի Մանանդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչը խնդրեց ընկերության մասով հայցը մերժել:
Դատարանը վճռեց «Տաքսի Մանանդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից և Արմեն Սերժիկի Հակոբյանից համապարտության կարգով հօգուտ Շուշիկ Կամավոսյանի բռնագանձել 739.820 (յոթ հարյուր երեսունինը հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար, որից 25.000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամը` որպես շտապօգնության և «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխման համար վճարված գումար, 220.000 /երկու հարյուր քսան հազար/ ՀՀ դրամը` որպես «Էրեբունի» բժշկական կենտրոնին վճարված համավճար, 6.000 /վեց հազար/ և 8.000 /ութ հազար/ ՀՀ դրամը` որպես 04.02.2012 թվականին «Էրեբունի» բժշկական կենտրոնի դրամարկղ վճարված գումարներ, 20.820 /քսան հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամը` որպես «Հ.Նավասարդյան» ԱՁ-ին պատկանող դեղատնից գնված դեղորայքի գումար,իսկ 460.000 /չորս հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամը` «Էրեբունի» բժշկական կենտրոնում պրոտեզավորման համար վճարված գումար։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել