Այսօր` մարտի 7-ի,ն Գյումրու Թատերական հրապարակը կրկին լեփ լեցուն էր: Գյումրու բնակիչների հետ հանդիպման էր եկել 2013թ. նախագահական ընտրությունների թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հանդիպումը նախատեսված էր ժամը 14:00-ին: Նախագահի թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանեց փոքր ինչ ուշացումով: Մինչ այդ ժողովդրի հոսքն աճեց ու հավաքը դարձավ բազմամարդ: Մինչև Ր. Հովհաննիսյանի ժամանումը ժողովրդի հետ շփվում էր ԱԺ պատգամավոր, «Ժառանգության» կուսակության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ա. Մարտիրոսյանը իր խոսքում նշեց, որ հետընտրական հավաքի միջոցով վերջիններս իրեն դժգոհություն են ներկայացնում:
«Սա պայքար է, որն ուղղված է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն մեր իրավունքների ու ազատությունների, հանուն զարգացած ու բարգավաճ հայրենիք ու Գյումրի ունենալու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Քիչ անց երբ ժամանեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ժողովուրդը նրան դիմավորեց բուռն ծափահարություններով, շատերը ողջագուրվում էին նրա հետ, համբուրում, միաժամանակ փրկիչ անվանելով: Այնուհետև սկսեցին վանկարկել «ՀՀ նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյան», «Կեցցե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը» կոչերով:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշեց` Գյումրին չի վաճառվում, որին ի պատասխան ամբոխի միջից պատասխանեցին. «Շիրակը չի վաճառվում»:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հավաքվածներին դիմեց հետևյալով. «Գյումրին համարվում է ոչ թե Հայաստանի Հանրապետության հայրաքաղաքը, այլ նաև մայրաքաղաքը, ով իր խոսքը ասեց դեռ 2013թ. փետրվարի 18-ին»: Ժողովուրդը հետաքրքրությամբ լսում էր, թե ինչպես են ներկայացնում իրենց խոսքը բանախոսները: Արմեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ անդրադարձավ այն փաստին, որ սփյուռքի հայերը ևս միացել են սույն շարժմանը և ԱՄՆ-ում և Փարիզում նույնպես պետք է կազմակերպվեն հանրահավաքներ:
Հավաքին ակնդետ հետևում էին ոստիկանության աշխատակիցները:
Հանրային թղթակից` Գայանե Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net