Ժամկետանց «Կիևյան կոտլետի» ու «Էքսպրես կոտլետի» իրացում չի եղել

Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Բաղդասարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 10.07.2012թ. թիվ Վ-21/9 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ 18.06.2012թ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների աշխատակից Հ. Խաչատրյանը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 002552 արձանագրությունը՝ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Բաղդասարյանի կողմից ք.Երևան, Կոմիտաս փող. 40 հասցեում գտնվող սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտում իրականացվել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների իրացում /Կիևյան կոտլետ՝ 05.03.2012թ.-05.06.2012թ., «Էքսպրես կոտլետ»՝ 22.02.2012թ.-22.04.2012թ., վրացական խնկալի 05.04.2012թ.– 05.06.2012թ./։

Նույն օրը արձանագրության վերաբերյալ ներկայացրել է գրավոր առարկություն մեկ թերթից, որով հայտնել է, որ պիտանիության ժամկետն անցած ապրանքների իրացում չի կատարել, այլ դրանք պահվել են առևտրի օբյեկտում գտնվող սառնարանում, մինչև, որ դրանք հետ վերադարձվեն մատակարարներին, քանի որ մատակարարների հետ պայմանավորվածություն է ունեցել մատակարարված ապրանքները պիտանիության ժամկետններում չիրացվելու դեպքում դրանք պետք է հետ վերադարձվեն նրանց, առանց դրանց դիմաց վճարելու։

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը 10.07.2012թ. որոշում է կայացրել անհատ ձեռնարկատեր Ալբերտ Բաղդասարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ 1-ին մասով ենթարկել պատասխանատվության՝ նշանակելով վարչական տուժ 200000 դրամի չափով։

Դատարանի վերլուծությամբ՝ Երևանի քաղաքապետի 2012թ. հուլիսի 10-ի թիվ Վ-21/9 որոշումը չի պարունակում հստակ փաստական հիմնավորումներ, որոնք կարող են վկայել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման մասին։ Մասնավորապես, որոշման մեջ պետք է փաստական հիմնավորում ստանար այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Բաղդասարյանի կողմից իրացվել են պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ, այսինքն` դրանք վաճառվել են, կամ ցուցադրված են եղել հաճախորդների համար տեuանելի վայրում։

Վերլուծության արդյունքում դատարանը եզրահանգել է, որ Երևանի քաղաքապետի 10.07.2012թ.-ի թիվ Վ-21/9 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման արդյունքում, հետևաբար նշված օրենքի խախտմամբ ընդունված վարչական ակտն ընդունելու պահից անվավեր` ոչ իրավաչափ վարչական ակտ է և այն չի կարող իրավաբանական հետևանքների հանգեցնել հայցվորի նկատմամբ, ուստի հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման։

Արդյունքում դատարանը վճռեց անհատ ձեռնարկատեր Ալբերտ Բաղդասարյանի հայցը բավարարել. Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 10.07.2012թ.-ի թիվ Վ-21/9 որոշումը։

Երևանի քաղաքապետարանը սույն գործը ներկայումս վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել