Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սևագրության թերթիկ չէ` երբ, ինչ ցանկանաք գրեք, հետո ջնջեք․ Թամարա Շաքարյան

«Հանրային իրավունքի զարգացման և փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիր, ի.գ.թ. դոցենտ Թամարա Շաքարյանն անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդվածներում լրացումներին և փոփոխություններին: Այս մասին նա գրում է․

«Օրենսդրական նախաձեռնություններըՎարչական իրավախախտումների վերաբերյալ  չեն փայլում իրենց մշակվածության գրագիտության և իրավական որոշակիության աստիճանով, ինչպես նաև օրենսդրական ակտերի մշակման տեխնիկայով. իհարկե, սխալվելու իրավունք ունեն բոլորը, բայց կան սահմանված իրավական տեխնիկայի կանոններ, որոնք անհրաժեշտ է կարդալ ու սովորել, քանի որ ՀՀ օրենսգիրքը սևագրության թերթիկ չէ` երբ, ինչ ցանկանաք գրեք, հետո ջնջեք… Դժվար չէ հստակ սահմանել վարչական իրավախախտում և դրան համապատասխան վարչական տույժեր կամ չափեր, որ ամեն ամիս չգիտակցենք, որ սահմանվածը` համաչափ չի եղել…

Այսօր խորհրդարանում քննարկված «ՎԻՎ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Ինչպես բխում է առկա կարգավորումից ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար ևս տուգանքը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով է, ինչը չի բխում համաչափության սկզբունքից»: Փաստորեն, երբ տեղաշարժման թերթիկ ունենալու պարտադիր պայմանը հանվեց, դրա գործնական կիրառումից հետո նոր հասկացաք, որ որոշ ժամանակ առաջ ներկայացված նախագծով տուգանքի սահմանված չափերը համաչափության սկզբունքից չեն բխել: Ողջունելի է, որ գործնական կիրառությանը համահունչ վերացնում եք օրենսդրական բացերը կամ թերությունները, բայց արդյոք դա ահազանգ չէ, որ նոր թերի կարգավորումներ չսահմանեք… Այսինքն` յուրաքանչյուր անգամ, երբ անհրաժեշտություն է առաջանում սահմանել ազատ տեղաշարժման պայմաններ եւ պահանջներ, որոնք չպահպանելը պետք է առաջացնի վարչական պատասխանատվություն, պետք է այս հոդվածով սահմանված տուգանքի չափերը փոփոխե՞լ: Կամ ինչ է նշանակում բացօթյա վայրում դիմակ կրելը պարտադիր չէ, բայց ունենալը պարտադիր է, եթե կրելը պարտադիր չէ, ապա ո՞րն է այն չունենալու հանրային վտանգավորության այն աստիճանը, որի համար պետք է պատասխանատվություն նախատեսել:

Եթե նախագծի նպատակը նաև այն է, որ տեղաշարժման թերթիկ չունենալու համար արդեն իսկ նշանակված վարչական տուգանքների չափերը մեղմացնեք, ապա երկու հոդվածից բաղկացած նախագծի իրավակարգավորումներում կան բազմաթիվ թերություններ, որոնց մանրամասն չեմ անդրադառնալու, ուղղակի մի քանի սկզբունքային նկատառում.

1. Ձեր ներկայացված հիմնավորման համատեքստում թերի կարգավորումների փոխարեն նշանակված վարչական տուգանքները մեղմացնելու համար ընդամենը պետք էր ընդունել համաներման մասին օրենք` հիմք ընդունելով ՎԻՎՕ 21.2-րդ հոդվածի իրավակարգավորումները, առ այն, որ վարչական իրավախախտում կատարած անձը Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ վարչական տույժի ենթարկված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժից:

Նախագծի 2-րդ հոդվածով (վերտառությունը գրեք, որ իրավակիրառող հասկանա, որը խոսքը անցումային դրույթների մասին է) սահմանել եք, որ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով սահմանված տուգանքի իրավակարգավորումը տարածվում է նաև մինչև այս օրենքի ուժի մեջ մտնելն ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումների խախտման համար կիրառված վարչական տույժերի վրա: Այսինքն` կարգավորումից բխում է, որ նոր սահմանված տուգանքի չափը տարածվում է արդեն իսկ կիրառված վարչական տույժերի վրա: Չխորանալով գիտատեսական բնորոշումների և մեկնաբանությունների մեջ` ուղղակի նշեմ, որ կիրառված վարչական տույժերի նկատմամբ նոր վարչական տույժ չի կարող կիրառվել նույնիսկ, եթե դրա ընթացակարգը սահմանել եք:

2. Այնուհետև, 2-րդ մասով նախատեսվում է, որ համապատասխան վարչական ակտերը ենթակա են վերանայման վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ԵՌԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ, իսկ վերանայվող վարչական ակտերի վարչական վարույթի ընթացքի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կանոնները:

Նախ, ՎԻՎՕ արդեն իսկ կարգավորում է բողոքարկման վարույթը, ու հղումը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների վրա կարող է գործել այնքանով, որքանով որ ՎԻՎՕ համապատասխան դրույթներով դրանք կարգավորված չեն: Երկրորդ, ՎԻՎՕ 302-րդ հոդվածը սահմանում է վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարման վաղեմության ժամկետը, այն է` որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից ԵՐԵՔ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ: Երրորդ, վերանայման վարույթը` բողոքի բացակայության դեպքում այդ ակտն ընդունած վարչական մարմնի վերադասի նախաձեռնությամբ վերահսկողության կարգով ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտերի վերանայումն է, և որոշակի այլ կանոններ դրա իրացման համար նախատեսված չեն: Իսկ այս կարգավորման համատեքստում հաշվի առնվել է արդյո՞ք, որ ՎԻՎՕ վարչական տույժ նշանակելու բողոքարկման ժամկետը վերադասության կարգով 1 ամիս է, ևս 2 ամիս` դատական կարգով, այսինքն` եթե այս նախագծով սահմանված եռամսյա ժամկետում իրավախախտում կատարած որևէ անձի վարչական ակտը չվերանայվի, ապա դրանից հետո վերջինս իր բողոքարկման իրավունքը ինչպե՞ս պետք է իրացնի, կամ վերանայման վարույթի պայմաններից մեկը` բողոքի բացակայությունն է, միգուցե այդ ակտերը արդեն իսկ բողոքարկված են վերադասին, նույնիսկ` արդեն դատարան, ավելին` հնարավոր է նաև այս եռամյսա ժամկետի պայմաններում վերադասը ողջամտորեն չկարողանա պահպանել ՎԻՎՕ 302-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետը և այլն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել